ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) ուրբաթ որոշում է ընդունել հունվարի 1-ից բնական գազի սակագները նվազեցնելու վերաբերյալ։
Որոշման համաձայն, ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար սակագինը կկազմի 139000 դրամ հազար խորանարդ մետրի դիմաց (ներառյալ ԱԱՀ-ն)` ներկայիս 146,7 հազար դրամի փոխարեն, իսկ ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի գազ սպառողների համար գազի սակագինը կկազմի 242,1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառած յուրաքանչյուր հազար խմ բնական գազի դիմաց (ներառյալ ԱԱՀ-ն)` ներկայիս 257,56 պայմանական միավորի փոխարեն:
Սոցիալապես անապահով ընտանիքների համար, ովքեր տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազ են սպառում, սակագինը կկազմի 100000 դրամ` հազար խորանարդ մետրի դիմաց (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար` 139000 դրամ` հազար խորանարդ մետրի դիմաց (ներառյալ ԱԱՀ-ն):
Ջերմոցային տնտեսությունները 2016 թ.-ի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թ.-ի մարտի 31-ը սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար կվճարեն 212 ԱՄՆ դոլար: Իսկ 2017 թ.-ի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը, ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառման դեպքում, գազի սակագինը կկազմի 139000 դրամ հազար խորանարդ մետրի դիմաց (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառման դեպքում, 242,1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն):
Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնաղ վերամշակող` պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց համար գազի սակագինը կկազմի 212 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն):
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը, սակագների նվազման արդյունքում հայ սպառողները կտնտեսեն 13,4 մլրդ դրամ:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու ընկերությունը չի նվազեցրել սակագներն ավելի վաղ, Տադևոսյանը նշեց, որ նրանք փորձել էին դա անել նաև անցյալում, սակայն այժմ, Վրաստանի տարածքով գազի տեղափոխման արժեքի նվազման շնորհիվ, ստեղծվել է չստացված հասույթը կոմպենսացնելու հնարավորություն:
«Բացի այդ, մենք ունենք մի շարք այլ տարբերակներ: «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարությունը միշտ ձգտել է խրախուսել գազասպառման աճը, և մենք նկատեցինք, որ սակագնի նվազեցումը ևս կհանգեցնի լրացուցիչ հասույթի, քանի որ կաճեն սպառման ծավալները», - նշեց Թադևոսյանը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն (նախկինում` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) ստեղծվել է 1997 թվականին։ Գործունեության հիմնական ոլորտը Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարումը և բաշխումն է։ Բացի այդ, ընկերությունը զբաղվում է բնական գազի տեղափոխմամբ, պահմամբ, բաշխմամբ և իրացմամբ, Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի և ստորգետնյա պահոցների վերակառուցմամբ և ընդլայնմամբ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում