Գարեգին Բ կաթողիկոսը ողջունում է ՀՀ և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների սերտ գործակցությունը

01.02.2016, 20:12
Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը երկուշաբթի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիին։
Գարեգին Բ կաթողիկոսը ողջունում է ՀՀ և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների սերտ գործակցությունը
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը երկուշաբթի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը։

Խիդաշելիին ուղեկցել են ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ հոգևոր փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանը:

«Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց հարևան երկու երկրների Պաշտպանության նախարարությունների միջև ձևավորված սերտ կապերը` գոհունակությամբ փաստելով նաև պետական տարբեր մակարդակներում ձևավորված համագործակցությունը»,– ասվում է հաղորդման մեջ։

Նորին Սրբությունը, անդրադառնալով դարերի ընթացքում հայ և վրաց հավատակից ժողովուրդների` հավատքի ու ինքնության պահպանության խնդիրներին, ընդգծեց, որ նրանք, ունենալով միևնույն քրիստոնեական արժեհամակարգը, մշտապես զորակից ու սատար են եղել միմյանց:

Խոսելով Հայոց և Վրաց Եկեղեցիների հարաբերությունների մասին` Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ վիրահայության հոգևոր կյանքում առկա խնդիրները երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն համահունչ կգտնեն իրենց անհրաժեշտ լուծումը:

Խիդաշելին, շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, նշեց, որ քաջատեղյակ է հայ ժողովրդի կյանքում Հայ Եկեղեցու կողմից ստանձնած բացառիկ դերակատարությանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ տարածաշրջանում խաղաղության պահպանման հրամայականներին, ներկայացվեց Վրաց բանակում և ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորության կողմից իրականացվող հոգևոր ծառայության փորձառությունը: -0-