FLYONE ARMENIA-ն դիմել է Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու թույլտվություն ստանալու համար. Քաղավիացիայի կոմիտե

24.12.2021, 17:40
Քաղավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ FLYONE ARMENIA-ն դիմել է Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու թույլտվություն ստանալու համար
FLYONE ARMENIA-ն դիմել է Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու թույլտվություն ստանալու համար. Քաղավիացիայի կոմիտե
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. FLYONE ARMENIA ավիաընկերությունը դիմել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե Երևան-Ստամբուլ-Երևան չարտերային չվերթեր իրականացնելու թույլտվություն ստանալու համար:

Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահի մամուլի հարցերով օգնական Լիլիթ Աղաբեկյանը:

«Մենք հայտը ստացել ենք երեկ օրվա վերջում, այն քննարկման փուլում է»,- նշեց նա՝ դժվարանալով նշել որոշման ընդունման ժամկետները:

Ինչպես պարզաբանեց Աղաբեկյանը, ցանկացած ավիաընկերության ցանկացած հայտ անցնում է մի շարք ընթացակարգեր հատուկ ձևաչափերում, իրականացվում են ստուգումներ Քաղավիացիայի կոմիտեի վարչությունների մակարդակում:

«Եթե բոլոր փաստաթղթերը համապատասխանում են մեր չափորոշիչներին, ավիաընկերությունը ստանում է թույլտվություն: Չեմ կարող հստակ ասել, թե որքան կտևի այս գործընթացը», - ասաց նա:

Նա նաև հայտարարեց, որ այլ ավիաընկերություններից կոմիտեն չի ստացել Հայաստանից Թուրքիա թռիչքների իրականացման թույլտվություն ստանալու հայտեր:

FLYONE ARMENIA-ի Տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանն ուրբաթ aysor.am-ին հայտնել է, որ ավիաընկերությունն ավելի վաղ նմանատիպ հայտ է ներկայացրել թուրքական ավիացիոն իշխանություններին Երևան-Ստամբուլ-Երևան չարտերային չվերթեր իրականացնելու թույլտվություն ստանալու համար:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարել է, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունները կարգավորելու համար և մտադիր են չարտերային չվերթեր գործարկել դեպի Երևան:

Նախօրեին թուրքական ԶԼՄ-ները, հղում անելով Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարայիսմայօղլուին, հայտնել են, որ 2,5 տարվա ընդմիջումից հետո Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում կվերսկսեն փոխադարձ չվերթերը: Նախարարի խոսքով, թռիչքներն իրականացնելու է Pegasus Airlines ավիաընկերությունը, որն այս պահին ավարտում է նախապատրաստական աշխատանքները:-0-