Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրումը չի չեղարկվել․ Ֆիննախ

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում մերժել է եկամուտների հայտարարագրումը չեղարկելու վերաբերյալ ընդդիմադիրների նախագիծը։
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցությունը հանդես էր եկել համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ, որը ներկայացվել էր կառավարության այսօրվա նիստում։
Նախագիծը չի ներառվել քննարկվող նախագծերի շարքում, դրա վերաբերյալ որոշումը կայացվել է առանց քննարկման։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս առաջարկն արվել է առանց խորը վերլուծության և հակասում է կառավարության 2021-2026թթ.–ի ծրագրին։
Միաժամանակ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ տարածվող տեղեկատվությունն առ այն, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը նախատեսվում է չեղարկել, չի համապատասխանում իրականությանը։
Օրենքի նախագիծը ներկայացված էր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից, որի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունն սկզբունքորեն անընդունելի է։
«Հորդորում ենք վստահել միայն նախարարության պաշտոնական հաղորդագրություններին և կեղծ տեղեկատվություն չտարածել», – նշել են Ֆինանսների նախարարությունից։