ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հալեպից Հայաստան են ժամանել 13 սիրիահայեր IDeA հիմնադրամի «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության առաջին փուլի շրջանակում, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Հոկտեմբերին 15-ին IDeA հիմնադրամը հայտարարել էր, որ կհատկացնի $ 250 000, որոնք կբաշխվեն չորս գործընկեր-կազմակերպությունների միջև` հետևյալ ուղղություններով ծրագրերի մշակման և իրագործման համար` աջակցություն նրանց, ովքեր շարունակում են մնալ Սիրիայում (ՀԲԸՄ); աջակցություն նրանց, ովքեր ժամանակավոր ապաստան են փնտրում Սիրիայի սահմաններից դուրս (Mission Armenia); աջակցություն նրանց, ովքեր որոշել են տեղափոխվել Հայաստան («Հալէպ»); աջակցություն Հայաստանում ինտեգրվելու ու աշխատանք գտնելու հարցում («Repat Armenia»):
Սիրիահայերի` Հայաստան տեղափոխման հարցերով զբաղվող «Հալէպ» ՀԲՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանի խոսքով, օրեցօր ավելանում են Հայաստան տեղափոխվելու դիմումները, որոնք հնարավոր է լինում բավարարել IDeA հիմնադրամի տրամադրած միջոցներով:
«Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շրջանակում Հայաստան ժամանող սիրիահայերը աջակցություն են ստանում նաև տեղում: Մասնավորապես, IDeA-ի տրամադրած միջոցներով Mission Armenia կազմակերպությունը հոգում է նրանց բնակարանի վարձավճարների ծախսերը:
Առաջիկայում Mission Armenia և Repat Armenia կազմակերպությունները հանդիպում կանցկացնեն «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շրջանակում Հայաստան ժամանածների հետ՝ նրանց կարիքները գնահատելու և հետագա քայլերը նախանշելու համար։ IDeA-ն միջոցներ է տրամադրել իր ռազմավարական գործընկեր ՀԲԸՄ-ին, որոնք կօգտագործվեն ձմռան երեք ամիսներին Հալեպում մնացող հայերին լրացուցիչ նպաստներ հատկացնելու համար:
«Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շնորհիվ Հալեպի նպաստառու ընտանիքների թիվը կավելանա 390-ով: IDeA հիմնադրամի՝ սիրիահայերին աջակցելու կոչին միացել են տարբեր կազմակերպություններ եւ անհատներ, որոնց նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմել է 10 միլիոն դրամ:
«Շատերը սիրիահայերին սատարելու համար իրենց հնարավորություններն ու փորձը ներդնելու պատրաստակամություն են հայտնել, եւ IDeA-ն հանդես է գալիս որպես համագործակցության յուրահատուկ հարթակ: Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր միացել են սիրիահայերին աջակցելու մեր կոչին։ Նրանց մասնակցությունն ու օգնելու պատրաստակամությունը չափազանց կարեւոր են մեզ համար»,- ասել է IDeA հիմնադրամի գործադիր տնօրեն Էդգար Մանուկյանը։
Բոլոր նրանք, որոնք ցանկանում են դրամական աջակցություն ցուցաբերել ՀԲԸՄ-ին, Mission Armenia, «Հալէպ» և Repat Armenia կազմակերպություններին, կարող են նրանց հաշվեհամարներին վերաբերող տեղեկատվությունը գտնել հետևյալ
հղումով:
Կացարանի կամ աշխատատեղի տրամադրման, դասընթացների կազմակերպման եւ այլ առաջարկները կարելի է ուղղել
[email protected] էլ. փոստով կամ +374 (0) 60 700801 հեռախոսահամարով: -0-