Երևանի փոխքաղաքապետը հայտնել է, թե երբ կսկսվի 3500 վերելակների փոխարինումը

24.06.2019, 16:38
Մարությանն ավելի վաղ խոստացել է, որ Երևանում վերելակների փոխարինման հարցը կլուծվի երկու–երեք տարիների ընթացքում
Երևանի փոխքաղաքապետը հայտնել է, թե երբ կսկսվի 3500 վերելակների փոխարինումը
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի–Արմենիա/. 3500 վերելակների փոխարինման ծրագրի իրագործումը կսկսվի 2020 թվականին, Երևանի ավագանու խորհրդի նիստում ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

«Մի քանի օր առաջ մենք արդեն հայտարարել ենք 20 նոր վերելակների ձեռքբերման թենդերի մասին։ Դրանք կբաշխվեն բոլոր տասը վարչական շրջաններով և կփոխարինեն առավել վտանգավորները և նորոգման ենթակա հին վերելակները»,– ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով, նոր վերելակները կհամապատասխանեն ձայնամեկուսացման և արագության եվրոպական չափանիշներին, ինչպես նաև հասանելի կլինեն սահմանափակ կարողություններով մարդկանց համար։

«Թենդերը նախատեսված է 3 ամսվա համար, և եթե այն կայանա, ապա արդեն սեպտեմբեր–հոկտեմբերին մենք նոր վերելակներ կունենանք»,– ասաց Սարգսյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել են հայկական ԶԼՄ–ները, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ Երևանի վերելակային տնտեսության արդիականացումը կիրականացվի բնակիչների հաշվին։ Հայտարարությունն առաջացրել է բնակչության դժգոհությունը, այնուամենայնիվ, քաղաքապետարանում հաստատել են այդ տեղեկությունը, նշելով, որ քաղաքային տնտեսության բոլոր ծախսերն իրականացվում են հարկատուների հաշվին ձևավորվող բյուջեից։

Բացի այդ, Մարությանն ավելի վաղ խոստացել է, որ Երևանում վերելակների փոխարինման հարցը կլուծվի երկու–երեք տարիների ընթացքում։ Նա միաժամանակ նշեց, որ միջոցները կներգրավվեն կամ պարտատոմսերի թողարկման, կամ վարկային մջոցներով։ -0-