Երևան–Մոսկվա ինքնաթիռում ռումբի մասին կեղծ հաղորդումը տեղեկատվական դիվերսիա էր. փորձագետ

31.03.2016, 19:06
Երևան–Մոսկվա ինքնաթիռում դրված ռումբի մասին կեղծ հաղորդումը տեղեկատվական դիվերսիա էր:
Երևան–Մոսկվա ինքնաթիռում ռումբի մասին կեղծ հաղորդումը տեղեկատվական դիվերսիա էր. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երևան–Մոսկվա ինքնաթիռում դրված ռումբի մասին կեղծ հաղորդումը տեղեկատվական դիվերսիա էր, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Հայաստանի քննչական կոմիտեն հինգշաբթի հայտնել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում իրարանցում առաջացրած լուրն օդանավում ռումբի մասին կեղծ հաղորդմամբ էլեկտրոնային նամակն ուղարկվել է ադրբեջանական օպերատորի IP–հասցեից։

«Այո, դա կարելի է տեղեկատվական դիվերսիա անվանել։ Փաստ չէ, որ դրա հետևում կանգնած են եղել ադրբեջանական հատուկ ծառայությունները, կարող էին կիբեռակտիվիստների խմբեր լինել, ովքեր նաև գործում են Հայաստանի դեմ»,– ասաց Մարտիրոսյանը։

Հնարավոր ահաբեկչության մասին հաղորդումը ստացվել է էլեկտրոնային փոստով մարտի 24–ին։ Նամակը ստացվել է «Զվարթնոց» օդանավակայանի էլեկտրոնային հասցեին։ Անցկացրած ստուգումներից հետո պարզվել է, որ հաղորդումը կեղծ էր։ Տվյալ փաստով Երևանի քննչական կոմիտեում ՔՕ 259–րդ հոդվածի հատկանիշներով (կեղծ հաղորդում ահաբեկչական ակտի մասին) գործ է հարուցվել։ -0-