Երեքշաբթի` ապրիլի 30–ի առավել ուշագրավ նորությունները

01.05.2019, 10:30
Ներկայացնում ենք երեքշաբթի` ապրիլի 30–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Երեքշաբթի` ապրիլի 30–ի առավել ուշագրավ նորությունները

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք երեքշաբթի` ապրիլի 30–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
  • Նախօրեին Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցում են ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, Երևանում է նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Նիստի շրջանակում կքննարկվի ինտեգրացիոն փոխգործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, ԵՏՄ թվային օրակարգի իրագործմանը, Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացմանը, արդյունաբերական գործակցությանը, առևտրին, մաքսային համագործակցությանը և տնտեսությանը վերաբերող հարցեր։

  • Երևանում անցկացվող ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում մասնավորապես անդրադարձել է արհեստական մենաշնորհների և օլիգոպոլիաների գործունեության նվազեցմանը։ «Այսօր Հայաստանում որևէ մեկը չի կարող, տնտեսական նպատակներ հետապնդելով, շահարկել իր քաղաքական ազդեցությունը կամ ազդեցության այլ լծակներ։ Սա իր հերթին առողջացրել է երկրի տնտեսական և քաղաքական միջավայրը», – նշել է վարչապետը` հավելելով, որ գործուն միջոցառումներ են իրականացվել ստվերային տնտեսության կրճատման ուղղությամբ։ «Իրականացվում են արմատական բարեփոխումներ հարկային համակարգում և հարկային վարչարարության մեջ», – ընդգծել է վարչապետը։ 

  • Հարկերից խուսափելու մեջ մեղադրվող «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը կմնա կալանքի տակ: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել է Ղազարյանի փաստաբան Արսեն Սարդարյանը, երեքշաբթի Վերաքննիչ դատարանը մերժել է փաստաբանների միջնորդությունը Ղազարյանին գրավի դիմաց ազատելու մասին:

  • Հրապարակվել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը։ Ըստ մեղադրանքներից մեկի, Քոչարյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, «2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 մլն դրամին համարժեք 3 մլն դոլարի կաշառք։

  • Այսօր Տավուշում հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է վիրավորվել։ Ինչպես հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, զինծառայողի վիճակը կայուն ծանր է, վիրավորում է ստացել գլխի շրջանում, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան։–0–