Երբ զոքանչը նաև «ընկեր» է. 37-ամյա տղամարդը զոքանչի հողամասում կանեփ է աճեցրել

13.06.2019, 17:24
Նոր Հաճնում թմրանյութ պահելու կասկածանքով 37-ամյա տղամարդ է բերման ենթարկվել ոստիկանություն:
Երբ զոքանչը նաև «ընկեր» է. 37-ամյա տղամարդը զոքանչի հողամասում կանեփ է աճեցրել
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Նոր Հաճնում թմրանյութ պահելու կասկածանքով 37-ամյա տղամարդ է բերման ենթարկվել ոստիկանություն:
  
Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, հունիսի 12-ին, ժամը 10.00-ին, Նոր Գեղի գյուղի խաչմերուկից բաժին բերման են ենթարկել Քարաշամբ գյուղի 37-ամյա մի բնակչի:

Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, տղամարդու անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է թերթով փաթեթավորված դեղնականաչավուն կանեփանման չոր, մանրացված զանգված՝ մոտ 0.48 գ կշռով և առանձին թերթով փաթեթավորված շագանակագույն խեժանման զանգված՝ մոտ 1.03 գ կշռով, և կաթուցիչ:

Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփի բույսից պատրաստված թմրանյութ է, իր մոտ պահել է անձնական օգտագործման համար:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, նյութերի նախապատրաստման ընթացքում նա նաև տվել է բացատրություն, որ Քարաշամբ գյուղում զոքանչի տանը կից տնամերձ հողամասում ունի ցանած և մշակած կանեփի բույսեր, որոնցից պատրաստում է իր օգտագործման համար թմրանյութ:

Նույն օրը, ժամը 15.05-ին, նշված վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են 30-70 սմ բարձրության 29 հատ մոտ 0.6 կգ կշռով կանեփանման բույս, որոնք հողից հանվել են, փաթեթավորվել, կնիքվել և ուղարկվել են ՓՔՎ՝ դատանյութագիտական փորձաքննության:

Նշանակվել է տոքսիկաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: -0-