Դիմել եմ վարչապետին․ Պապիկյանն առաջարկեց լյուստրացիայի ենթարկել պաշտոնյաներին, որոնց երեխաները հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից բանակում չծառայելու համար

13.11.2024, 17:47
Պապիկյանն ասաց, որ մի երևույթ կա, երբ ՀՀ քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է Հայաստանի քաղաքացիությունից, որպեսզի Զինված ուժերում չծառայի
Դիմել եմ վարչապետին․ Պապիկյանն առաջարկեց լյուստրացիայի ենթարկել պաշտոնյաներին, որոնց երեխաները հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից բանակում չծառայելու համար

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Զորակոչը շարունակում է Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերներից մեկը հանդիսանալ, հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ԱԺ–ում։

«Մենք սրա մասին պետք է բարձրաձայն խոսենք: Մի երևույթ կա, երբ ՀՀ քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է Հայաստանի քաղաքացիությունից, որպեսզի Զինված ուժերում չծառայի: Ես կարծում եմ, որ մենք  պետք է որոշակի լյուստրացիայի ենթարկենք մեր շրջապատին: Ես դիմել եմ վարչապետին, որ նմանատիպ պրոցես սկսենք պետական կառավարման համակարգում: Իմ կարծիքով`  պետական պաշտոնյան պետք է իրեն թույլ չտա, որ ոչ միայն իր զավակը, այլև իր հարազատի, իր մերձավորների զավակները հրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ այս երևույթի հետ կապված կարող է ցավալի ցուցանիշներ արձանագրել։

«Բայց մենք բարոյական հենքի վրա պետք է ինքներս մեզ հետ առերեսվենք, ու այս վատ տենդենցի դեմը վերջապես առնենք: Այս երևույթը նոր չէ, չգիտեմ՝ քանի տարվա պատմություն ու խորք ունի, բայց սա մի երևույթ է, որի դեմ պետք է պայքարել»,- ասաց նա:

Սուրեն Պապիկյանը նաև ավելացրեց, թե առանցքային է մնում ՀՀ զինված ուժերը կիրթ ու բանիմաց կադրերով համալրելու քաղաքականությունը:

Պաշտպանության նախարարի խոսքով` պարտադիր ժամկետային զինծառայությունը շարունակելու է Հայաստանում գոյություն ունենալ, որը հանդիսանալու է ռեսուրս, որպեսզի համալրվեն պրոֆեսիոնալ բանակի շարքերը:

«Մեզ համար էական է, որ պրոֆեսիոնալ բանակի զինծառայողները ստանան նորմալ բավարարում։ Բացարձակ սուտ է, որ աշխատավարձ չենք բարձրացնում, աշխատավարձը բարձրացվել է, ավելին ասեմ` ատեստավորված զինծառայողները ստանում են 123 հազար հավելավճարից մինչև 470 հազար դրամ հավելավճար»,- ասաց Պապիկյանը:

Նա կարևորեց նաև այն, որ ԶՈՒ-ի բաղկացուցիչ դառնան նաև իգական սեռի ներկայացուցիչները` որպես պրոֆեսիոնալ զինվորներ:

«Ներդրվել է կանանց գումարտակը, նաև կամավոր պարտադիր զինծառայությունը։ Վերջին մեկ տարում ունենք կին զինծառայողներ, որոնք ոչ միայն 6–ամյա կուրսը ավարտել են, այլև որոշել են դառնալ սպաներ», – ասաց նախարարը։