Դատարանը մերժել է Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ 2-րդ միջնորդությունը. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Մերժվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երկրորդ միջնորդությունը։ Այս մասին Facebook-յան էջում հայտնել է Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:
«Նշված միջնորդության մասին դեռևս առիթ կունենանք խոսել։ Կարող եմ ասել միայն, որ այն ավելի ապօրինի և անհիմն էր, քան նախորդ միջնորդությունը»,- նշել է փաստաբանը:
Ընդ որում Մակինյանը համոզված է, որ կլինեն Մինասյանին կալանավորելու «ապօրինի և անհիմն» նոր միջնորդություններ:
Մինասյանի դեմ հարուցված քրգործի մասին
Ապրիլի 22-ին ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման և փողերի լվացման մեջ, և նա հետախուզման մեջ է:
ՊԵԿ-ի հաղորդագրության համաձայն, ՀՀ պետական եկամուտների քննչական վարչությունում իրականացվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին հարուցվել են քրեական գործեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Արայի Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանրորեն վտանգավոր արարքների դեպքերի առթիվ:
Հունիսի 4-ին Վերաքննիչ քրեական դատարանը վերացրել էրՍուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։
Ինչից հետո հունիսի 8-ին, ՊԵԿ-ը կրկին հանդես եկավ նոր հայտարարությամբ, ըստ որի բացահայտվել էին Միքայել Մինասյանի նկատմամբ հարուցված քրգործի նոր հանգամանքներ, ըստ որոնց վերջինիս նոր մեղադրանք էր առաջադրվել: -0-