Չեխիայի նախագահը կայցելի Հայաստան

06.06.2016, 20:47
Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանը հունիսի 7-9-ը պետական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով:
Չեխիայի նախագահը կայցելի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանը հունիսի 7-9-ը պետական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակներում նախատեսված են Չեխիայի Նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

ՀՀ Նախագահի նստավայրում հայ-չեխական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ:

Երևանում Հայաստանի և Չեխիայի նախագահները ներկա կգտնվեն հայ-չեխական գործարար համաժողովի բացման արարողությանը: -0-