Beeline-ը շարունակում է ֆիքսված կապի արդիականացման աշխատանքները Գեղարքունիքի մարզում

03.11.2016, 12:03
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի արդիականացմանն ուղված աշխատանքները:
Beeline-ը շարունակում է ֆիքսված կապի արդիականացման աշխատանքները Գեղարքունիքի մարզում
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի արդիականացմանն ուղված աշխատանքները, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, 2016 թ.-ի հոկտեմբեր ամսին մեկնարկել են գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում:

Արդիականացման աշխատանքների ավարտից հետո, որը նախատեսվում է մինչև ս.թ. դեկտեմբերի 23-ը, նշված քաղաքի բնակիչներին հասանելի կլինեն նոր որակի թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի ծառայություններ:

Ենթակառուցվածքների արդիականացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն սարքավորումների փոխարինման և վերազինման աշխատանքներ, իսկ գործող բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին:

«Beeline-ը շարունակում է ենթակառուցվածքի թվայնացման աշխատանքները բաժանորդներին պարզ, հարմար և բարձրորակ կապի ծառայություններ ապահովելու նպատակով: Ներկայումս ընթացող թվայնացման աշխատանքների շնորհիվ Գեղարքունիքի մարզի Գավառի բնակիչները հնարավորություն կունենան օգտվելու Beeline-ի ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի ծառայություններից նոր որակով», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ 2015 թ. ընթացքում Beeline-ը թվայնացրել է Հայաստանի 9 բնակավայրի հեռախոսային ցանց և մոնտաժել լայնաշերտ ինտերնետի ծառայությունների 2684 նոր պորտ 12 բնակավայրերում:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ -0-