ԱԶԲ–ում «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախագիծը համեմատել են Ածուխի և պողպատի եվրոպական համայնքի հետ

10.04.2025, 14:57
Խաղաղության օրակարգի առաջմղումը և Հայաստանի ինտեգրումը տարածաշրջանում կբարձրացնեն ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա ներդրողների վստահության մակարդակը, կարծում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական ներկայացուցչության տնօրեն Դոն Լամբերտը
ԱԶԲ–ում «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախագիծը համեմատել են Ածուխի և պողպատի եվրոպական համայնքի հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Խաղաղության օրակարգի առաջմղումը և Հայաստանի ինտեգրումը տարածաշրջանում կբարձրացնեն ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա ներդրողների վստահության մակարդակը, կարծում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական ներկայացուցչության տնօրեն Դոն Լամբերտը։

«Այս տեսանկյունից Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը շատ կարևոր է։ Այն կնպաստի տնտեսական ինտեգրմանը, ինչն իր հերթին կնպաստի երկարաժամկետ տնտեսական աճի», – ասաց Լամբերտը «Ասիայի զարգացման հեռանկարներ – 2025» ԱԶԲ-ի ապրիլյան զեկույցի (Asian Development Outlook) շնորհանդեսի ժամանակ։

Նրա խոսքով, նման օրինակ է Ածուխի և պողպատի եվրոպական համայնքը, որը ստեղծվել է եվրոպական երկրների կողմից Երկրորդ աշխարհամարտից հետո։

«Դա արդյունքում հանգեցրեց ԵՄ–ի ստեղծման, ինչն անհնարին դարձրեց պատերազմը Ֆրանսիայի և Գերմանիայի միջև։ ԱԶԲ–ն հույս ունի, որ այդ ինտեգրումը («Խաղաղության խաչմերուկի» շրջանակում) կունենա նմանատիպ արդյունք այս տարածաշրջանի համար, երբ բիզնեսը տարածաշրջանում կլինի փոխկապակցված, և դա կնպաստի խաղաղ զարգացմանը», – ասաց Լամբերտը։

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին

Հայաստանի կողմից ներկայացվող «Խաղաղության խաչմերուկ» տարածաշրջանային հաղորդակցությունների նախագիծը ներկայացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2023 թվականի նոյեմբերին Թբիլիսիում կայացած «Մետաքսե ճանապարհ» համաժողովի ժամանակ։ Նախագծի առանցքային գաղափարն է գործարկել (վերագործարկել) և զարգացնել տրանսպորտային հաղորդակցությունները Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի միջև՝ օգտագործելով ավտոճանապարհներ, երկաթուղիներ, մալուխներ, խողովակաշարեր և էլեկտրահաղորդման գծեր։

Այս ամենը հնարավորություն կտա ստեղծել կարճ և արդյունավետ ճանապարհ Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, ինչպես նաև ճանապարհ՝ Պարսից ծոցից մինչև Սև ծով։

Հայաստանի դիրքորոշմամբ՝ բոլոր ենթակառուցվածքները գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավասության ներքո, որոնց տարածքով անցնում են։ Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իրականացնում է սահմանային և մաքսային վերահսկողություն, ապահովում է բեռների, փոխադրամիջոցների և մարդկանց անվտանգ տեղաշարժ։