ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ավագանիների խորհուրդը հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող երեք բնակարաններ անհատույց սեփականության իրավունքով օտարել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված երևանաբնակ երեք զինծառայողների ընտանիքներին, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Այսպիսով, բնակարանները կհատկացվեն զոհված զինծառայողներ Սարգիս Խալաֆյանի, Հրաչյա Մուրադյանի, Մանվել Գևորգյանի ընտանիքներին։
Շնորհակալություն հայտնելով ավագանու անդամներին՝ վերոնշյալ որոշումների նախագծերին հավանություն տալու համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ ապրիլի սկզբին առաջնագծում վիրավորված և զոհված երևանաբնակ բոլոր զինծառայողների ընտանիքները շարունակելու են մնալ Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում:
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում