Առաջին անգամ ուղիղ չվերթը կկապի Աստանան և Երևանը

31.05.2017, 17:46
Ղազախստանի խոշորագույն ավիաընկերություններից մեկը` «SCAT Airlines»–ը,  մայիսի 31-ից սկսել է Աստանա-Երևան կանոնավոր չվերթի  իրականացումը:
Առաջին անգամ ուղիղ չվերթը կկապի Աստանան և Երևանը
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղազախստանի խոշորագույն ավիաընկերություններից մեկը` «SCAT Airlines»–ը, մայիսի 31-ից սկսել է Աստանա-Երևան կանոնավոր չվերթի իրականացումը:

«Այս հրաշալի երկրում մեկ տարի գտնվելուց հետո հայ և ղազախ հասարակության խնդրանքներից հետո, վերջապես, հաջողվել է ուղիղ չվերթ սկսել Հայաստանի և Ղազախստանի մայրաքաղաքների միջև»,- չորեքշաբթի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիմուր Ուրազաևը:

Դեսպանի խոսքով, Աստանա-Երևան ուղիղ չվերթեր սկսելու ամսաթիվը պատահական չի ընտրվել. հունիսի 9-ին Աստանայում մեկնարկում է «Expo 2017 Astana» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Ապագայի էներգետիկա» թեմայով, որին կմասնակցի 115 երկիր: Այդ առիթով Ղազախստանում ակնկալում են զբոսաշրջիկների մեծ ներհոսք` այդ թվում Հայաստանից:

Загружается новость ... "Лево"

«SCAT Airlines» ավիաընկերության փոխնախագահ Ալեքսանդրա Սիտնիկն իր հերթին հավելեց, որ Աստանա-Երևան չվերթը կկազմակերպվի շաբաթական երկու անգամ` չորեքշաբթի և շաբաթ օրերին, հարմարավետ «Բոինգ 737»-ով: Չվերթի տևողությունը 3 ժամ 40 րոպե է:

«Մենք հայաստանյան շուկայում աշխատելու մեծ փորձ ունենք: 2005 թ-ից մեր ավիաընկերությունն Ակտաուից Երևան չվերթեր է իրականացնում, և այս ամբողջ ընթացքում մենք տեղափոխել ենք ավելի քան 200 հազար ուղևոր: Վստահ եմ, որ Աստանա-Երևան չվերթը մեծ պահանջարկ է վայելելու ինչպես մեր, այնպես էլ Հայաստանի քաղաքացիների շրջանում»,-ասաց Սիտնիկը:

Նա նաև տեղեկացրեց, որ չվերթի տոմսի արժեքը 230 դոլար է: Իսկ արտոնյալ ծրագրի շրջանակում ավիաընկերությունը Հայրենական Մեծ և աֆղանական պատերազմների վետերաններին հնարավորություն կտա տարեկան մեկ անգամ անվճար օգտվել չվերթից:

«Մենք վստահ ենք, որ Աստանա –Երևան չվերթի բացումը կնպաստի երկու երկրների զբոսաշրջության զարգացմանը և վստահելի խողովակ կլինի երկու երկրների դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունների զարգացման համար»:

Загружается новость ... "Право"

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի խոսքերով, 2016 թ-ին Ղազախստանից Հայաստան է այցելել 5,5 հազար զբոսաշրջիկ: Ուղիղ չվերթի բացումից հետո Հայաստանը Ղազախստանին կդիտարկի որպես թիրախային զբոսաշրջային շուկա:

«Աստանայից ուղիղ չվերթերը լուծում է ասիական երկրների համար հայկական զբոսաշրջային շուկայի հասանելիության խնդիրը: Որքան էլ մենք խոսենք ասիացի զբոսաշրջիկների ներգրավման մասին, Հայաստանի զբոսաշրջային հասանելիության հարցը բաց է մնում»,-ասաց Զեյթունցյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ քննարկվել է ընկերության կողմից Չինաստան և այլ երկրներ ուղիղ չվերթեր կազմակերպելու հավանականությունը, բայց դա բազմաթիվ խնդիրների հետ է կապված:

«SCAT Airlines» ավիաընկերությունը հիմնվել է 1997 թ-ին: Այսօր ընկերության օդանավերի համակազմը հիմնականում բաղկացած է արևմտյան արտադրության սեփական ինքնաթիռներից: Շահագործվում է ավելի քան 80 միջազգային և ներքին ավիաուղղություն: Ամեն տարի ավիաընկերությունը բացում է մոտ 10 նոր ուղղություն, ավելացնելով ուղևորափոխադրումները 40 տոկոսով: 2016 թ-ին ավիաընկերության ընդհանուր ուղևորափոխադրումները կազմել են 1 մլն 268 հազար: -0-