«Аnalitik.am» կայքի տնօրենի` շանտաժի համար մեղադրվող օգնականին կազատեն գրավի դիմաց

19.05.2016, 20:52
Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է  «аnalitik.am» լրատվական կայքի տնօրենի օգնականին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը։  
 «Аnalitik.am» կայքի տնօրենի` շանտաժի համար մեղադրվող օգնականին կազատեն գրավի դիմաց
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ բավարարել է «аnalitik.am» լրատվական կայքի տնօրենի օգնական Վարդիթեր Գիշյանի փաստաբանի միջնորդությունն իր պաշտպանյալին կալանքից ազատելու վերաբերյալ։

Ինչպես «Փաստինֆո» իրավական տեղեկատվության գործակալության թղթակցին է հայտնել Գիշյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը, գրավի գումարը փոխանցվել է դեպոզիտային հաշվին, և Վերաքննիչ դատարանի որոշումից հետո մեղդրյալը կազատվի կալանքից։

Փաստաբանը հայտնեց նաև, որ պաշտպանության կողմը Վերաքննիչ դատարանում ներկայացրել է իր փաստարկները հիմնավոր կասկածի, ինչպես նաև քննությանը մեղադրյալի խոչընդոտման հավանականության տվյալների բացակայության մասին։ Պաշտպանությունը նաև ներկայացրել է մեղադրյալի անձի բնութագիրը, մասնավորապես, որ նա 2.5 տարեկան երեխա ունի։
Մայիսի 7–ին analitik.am հայկական լրատվական գործակալության տնօրեն Անինա Հովհաննիսյանին և նրա օգնական Վարդիթեր Գիշյանին մեղադրանք էր ներկայացվել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին շանտաժի ենթարկելու համար։

Քննության տվյալներով, analitik.am կայքում պարբերաբար կեղծ ու վարկաբեկող տեղեկատվություն է հրապարակվել խորհրդարանականի և նրա ընտանիքի անդամների մասին։ Գործի նյութերի համաձայն, կայքի տնօրենը և նրա օգնականը պատգամավորից ամսական 300 հազար դրամ են պահանջել` հակառակ դեպքում սպառնալով շարունակել վարկաբեկող հոդվածների հրապարակումը։

Հովհաննիսյանին և Գիշյանին մեղադրանք է ներկայացվել Հայաստանի Քրեական օրենսգրքի 182–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետով (դրամաշորթություն, կատարված մի խումբ անձանց կողմից նախնական պայմանավորվածությամբ)։ Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ -0-