Ամառային օրեր գարնանը. Երևանում ջերմաստիճանը կհասնի +21-ի. Սուրենյան
05.03.2020,
12:20
Գարունն իր տեղը զիջում է ամռա՞նը. Սուրենյանը ներկայացրել է գալիք օրերին սպասվող տաքացումների մասին

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./Նովոստի-Արմենիա/. Պայմանավորված Աֆրիկայի հյուսիսային շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ, մարտի 8-10-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար բարձրանալու է ևս 4-5 աստիճանով։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր Facebook-յան էջում:
«Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն մարտի 9-10-ին, Սյունիքի և Տավուշի հովիտներում հասնելով +20․․․+24, Արարատյան դաշտում և Երևանում +20․․․+21 աստիճանի»,- նշել է նա։
Սուրենյանի տեղեկացմամբ, եթե վերջին 3 օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 4-6 աստիճանով, ապա արդեն մարտի 9-10-ին այն նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով։ -0-