ԱԺ-ն պարգևավճարների վրա խնայել է ավելի քան 500 հազ. դոլար

ԵՐԵՎԱՆ. 4 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ-ն պարգևավճարների վրա խնայել է 252 մլն դրամ (մոտ 511,2 հազ. դոլար), այս մասին չորեքշաբթի հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլյա Սիրականյանը՝ 2021թ.-ի պետբյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ:
Սիրականյանը նշել է, որ երկու անգամ խոշոր վերանայումներ են եղել, որոնցից առաջինը տեղի է ունեցել համավարակի ընթացքում. այդ ժամանակ ԱԺ աշխատակազմը պահուստային ֆոնդ է վերաբաշխել 503 մլն դրամ:
«Այստեղ ամենամեծ բաժինը պարգևատրումներինն է, գործուղումներից ևս բավականին մեծ գումար է վերադարձվել»,- ընդգծել է նա:
ԱԺ ընթացիկ բյուջեում երկրորդ մեծ վերաբաշխումը, ըստ Լիլյա Սիրականյանի, ռազմական դրությամբ պայմանավորված է եղել։ Մասնավորապես, պահուստային ֆոնդ է վերաբաշխվել 108 մլն 500 հազար դրամ, որոնք արդեն տեղի են ունեցել շենքային պայմանների բարելավման հոդվածից և ԱԺ դերի բարձրացման միջոցառումներից:
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտնել է, որ 2020 թվականի ընթացիկ կատարման մասով էլի տնտեսումներ կան, որոնք այս պահին դեռևս չեն վերադարձվել պահուստային ֆոնդ։
«Թերևս պետք է նշեմ, որ ամենամեծը կրկին պարգևատրումների ֆոնդն է, ունենք շուրջ 252 մլն դրամ չօգտագործված գումար։ Այս գումարը խնայվել է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ թե՛ համավարակով, թե՛ ռազմական դրությամբ պայմանավորված, ԱԺ աշխատակիցները և պատգամավորները պարգևավճարներ չեն ստացել»,- նշել է Սիրականյանը։
Ինչ վերաբերում է 2021 թվականի խորհրդարանական ծախսերին, ըստ պետբյուջեի նախագծի, նախատեսվում է հատկացնել 6 մլրդ դրամ, որի հիմնական գումարը կազմում է մոտ 5 մլրդ դրամ (92,2 տոկոս, ինչը 0,2 տոկոսով կամ 8,7 մլրդ դրամով պակաս է, քան 2020 թ-ին) ուղղվելու է հիմնական ծախսերին: -0-