Ադրբեջանցի հաքերները հայկական կայքեր են կոտրել և տարածել ապատեղեկատվություն

27.09.2020, 21:14
Ադրբեջանցի հաքերները հայկական կայքեր են կոտրել և տարածել ապատեղեկատվություն
Ադրբեջանցի հաքերները հայկական կայքեր են կոտրել և տարածել ապատեղեկատվություն

 ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ 1in.am, armenpress.am, news.am, mamul.am և մի շարք այլ լրատվական կայքերը պայմանագրային հիմունքներով գտնվում են արտերկրյա «Cloudflare» ընկերության սերվերային տիրույթում և ադրբեջանական հաքերների կողմից փոփոխվել են այդ կայքերի կարգավորումները, որոնք կարճ ժամանակում շտկվել են: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԱԾ-ն:

«Լրատվական կայքերը սպասարկող մասնագիտական անձնակազմը շարունակաբար ստանում է համապատասխան աջակցություն՝ անվտանգության ապահովման նկատառումներով»,- նշվում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:

Իսկ ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ news.am լրատվական կայքը ենթարկվել է հաքերային հարձակման, որտեղ տեղադրված նյութում վարչապետը իբր կոչ է անում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը թողնել իրենց բնակավայրերը և գալ Հայաստան:

«Այժմ էլ ադրբեջանական լրատվականները, հղում անելով news.am-ին, տարածում են այդ ապատեղեկատվությունը: news.am կայքից արդեն իսկ հեռացվել է տվյալ կեղծ նյութը»,- հաղորդում է Գևորգյանը:

Արցախում իրավիճակի սրման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է մղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է մարդկային կորուստներ: ՊԲ–ն ոչնչացրել է հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա։ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ կան զոհեր ու վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում։

Ադրբեջանի ԶՈւ–ն հրետակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Ստեփանակերտը։

Ցավոք, ինչպես հաղորդում է ՊՆ-ն, նախնական տվյալներով հայկական կողմը ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր: –0–