Ադրբեջանական կողմի բոլոր գործողություններն արժանանալու են համարժեք պատասխանի. ԱԳՆ-ն՝ ՀՀ տարածքի թիրախավորման մասին

14.10.2020, 15:43
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի թիրախավորման համար
Ադրբեջանական կողմի բոլոր գործողություններն արժանանալու են համարժեք պատասխանի. ԱԳՆ-ն՝ ՀՀ տարածքի թիրախավորման մասին

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի թիրախավորման համար։ 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն արդեն հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Վարդենիսի շրջանում հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը մերկապարանոց ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան «պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին»։ ԱԳՆ-ն ակնհայտ է համարում, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է իրականացնել հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի արտոգործնախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ սադրանքով ձգտում է ընդարձակել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով Հայաստանի Հանրապետության  ինքնիշխան տարածքի նկատմամբ։

«Ադրբեջանական կողմի բոլոր գործողություններն արժանանալու են համարժեք պատասխանի՝ ՀՀ ԶՈՒ իրենց տրամադրության տակ եղած միջոցներով»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ:

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ զինված ագրեսիայի փորձը և նախազգուշացնում, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն ունենալու են անդառնալի ռազմաքաղաքական հետևանքներ, որոնց ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը»,- նշվում է ԱԳՆ-ի հատարարության մեջ:-0-