Ոստիկանության հայտարարությամբ կրակոցներ չեն հնչել

06.12.2015, 16:07
Ոստիկանության ստուգումներով պարզվել է, որ Հարավ-Արևմտյան թաղամասի, ինչպես և հանրապետության որևէ ընտրական տեղամասում նման միջադեպ չի եղել, և տեղեկատվությունը ակնհայտ սուտ է, հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ոստիկանության հայտարարությամբ կրակոցներ չեն հնչել
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության ստուգումներով պարզվել է, որ Հարավ-Արևմտյան թաղամասի, ինչպես և հանրապետության որևէ ընտրական տեղամասում նման միջադեպ չի եղել, և տեղեկատվությունը ակնհայտ սուտ է, հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

«Կրկին կոչ ենք անում` հրապարակել միայն հավաստի տվյալներ և փաստեր, ձեռնպահ մնալ ապատեղեկատվությունից ու արհեստական լարվածություն ստեղծելու փորձերից»,-ասված է հաղորդագրությունում:

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել էր տեղեկատվություն, համաձայն որի՝ ընտրողներից մեկը հայտնել է, թե անհայտ անձը հայհոյելով մտել է  Հարավ-Արևմտյան թաղամասի ընտրատեղամասերից մեկն ու սկսել ատրճանակով կրակել:

Հավաքվածները խուճապահար փախել են: Ժամանակին հասած ոստիկանները ոլորել են նրա ձեռքերն ու տարել:

Կիրակի մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների համահանրապետական հանրաքվեն։

Ժամը 08։00–ից երկրի ողջ տարածքում բացվել է 1997 ընտրատեղամաս։ Քվեարկությունը կավարտվի ժամը 20։00–ին։

Դեկտեմբերի 5–ի տվյալներով` Ընտրողների ռեգիստրում ներառված է 2 մլն 550 հազար 323 մարդ։ Հանրաքվեին ներկայացված օրինագիծը համարվում է ընդունված, եթե նրա օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, սակայն ընտրացուցակներում ներառված քաղաքացիների մեկ քառորդից ոչ պակասը։

Սահմանադրական բարեփոխումներով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։

Քվեարկության ընթացքին հետևում են ավելի քան հարյուր միջազգային և մի քանի հազար տեղական դիտորդներ։–0–