ՀՀԿ–ն դեռ չի քննարկել ՀՀ վարչապետի պաշտոնի հավանական թեկնածությունը. խոսնակ

08.12.2015, 16:48
Հայաստանի հանրապետական կուսակցությունը դեռ չի քննարկել ՀՀ վարչապետի պաշտոնի համար հավանական թեկնածությունը, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը։
  ՀՀԿ–ն դեռ չի քննարկել ՀՀ վարչապետի պաշտոնի հավանական թեկնածությունը. խոսնակ
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հանրապետական կուսակցությունը դեռ չի քննարկել ՀՀ վարչապետի պաշտոնի համար հավանական թեկնածությունը, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը։

ԿԸՀ–ի նախնական տվյալներով` դեկտեմբերի 6–ին կազմակերպված հանրաքվեի ժամանակ սահմանադրական բարեփոխումների օգտին է քվեարկել ընտրողների 63,35 տոկոսը, դեմ` 32,35 տոկոսը։ Բարեփոխումներով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։

«ՀՀԿ–ն վարչապետի պաշտոնում բազմաթիվ արժանի թեկնածուներ ունի, սակայն քննարկում դեռ չի եղել, քանի որ դեռևս բան չկա քննարկելու։ Ամեն ինչ կախված է այս կամ այն մասնագետի անձնական որակներից և այդ պահին երկրում տիրող քաղաքական իրավիճակից», – ասաց Սահակյանը։

Ինչ վերաբերում է հանրաքվեի ժամանակ քվեարկության գործընթացին, ապա, խոսնակի խոսքով, լուրջ խախտումներ չեն արձանագրվել, չնայած որոշ անձինք փորձել են իշխանություններին «արջի ծառայություն» մատուցել, ինչի նախաձեռնողներն ընդդիմադիր ուժերն են։ 

Խոսելով ԵԽԽՎ դիտորդական խմբի ներկայացուցիչների հայտարարության մասին` Սահակյանը նշեց, որ նրանք չէին ներկայացնում դիտորդական առաքելութուն, չեն կազմել արձանագրություններ, նրանք բացառապես ներկայացուցչական խումբ էին։

ԵԽԽՎ առաքելությունը մի շարք բացթողումներ է նշում Հայաստանի սահմանադրական հանրաքվեում>>

«Եթե անգամ բացահայտվեն ընտրական գործընթացի որոշակի խախտումներ, և մեղավորները պատժվեն, դա որևէ կերպ չի ազդի  հանրաքվեի արդյունքների վրա», –ասաց Սահակյանը։

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) միջկուսակցական պատվիրակությունը, որը դեկտեմբերի 4–7–ը գտնվում էր Հայաստանում` սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքին հետևելու նպատակով, երկուշաբթի հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է մի շարք բացթողումների և թերությունների մասին։–0–