Գրիպի և սուր շնչառական վարակների մակարդակը Հայաստանում բարձր չէ

10.12.2015, 16:57
ԱՀԿ  տվյալներով եվրոպական տարածաշրջանի երկրներում 2015 թվականի 48-րդ շաբաթվա ընթացքում` նոյեմբերի 23-29-ին, գրիպով և սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակը համապատասխանել է տվյալ ժամանակահատվածի օրինաչափ ընթացքին:
Գրիպի և սուր շնչառական վարակների մակարդակը Հայաստանում բարձր չէ
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, եվրոպական տարածաշրջանի երկրներում 2015 թվականի 48-րդ շաբաթվա ընթացքում` նոյեմբերի 23-29-ին, գրիպով և սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակը համապատասխանել է տվյալ ժամանակահատվածի օրինաչափ ընթացքին, տեղեկացում է նախարարության կայքը:

«Նույն կազմակերպության պաշտոնական տվյալներով, եվրոպական 40 երկրում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում, հիվանդացության ակտիվությունը նշված հիվանդություններով գտնվում է ցածր մակարդակում՝ գրիպի վիրուսների եզակի արձանագրմամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Գրիպի տեսակներ և ենթատեսակներ, մասնավորապես՝ գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ (խոզի գրիպ), Ա H3N2 ենթատեսակները և Բ տեսակն արձանագրվել են ինչպես գրիպի դետքային, այնպես էլ պոպուլյացիոն համաճարակաբանական հսկողության մեջ ընդգրկված բժշկական հաստատություններում, այն էլ` միայն 10 երկրում:

Նմանատիպ իրավիճակ է դիտվում նաև տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում:

Գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ ենթատեսակն (խոզի գրիպ) այսօր առավել քիչ է շրջանառում, քան 2014-2015 թվականների գրիպի սեզոնին:

Հիվանդության ծանր կլինիկական ընթացքով և վերակենդանացման բաժանմունքներում բուժման դեպքեր արձանագրվել են միայն Եվրոպայի առանձին երկրներում՝ Իռլանդիա, Իսպանիա և Միացյալ Թագավորություն (47 հոսպիտալացման դեպք, որից 37-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում):

Դեպքերն արձանագրվել են 15-64 տարեկան անձանց շրջանում:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնապես հայտարարել է, որ գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ ենթատեսակն այսօր չունի պանդեմիկ ներուժ և դեռևս 2010 թվականից այն դասվել է մարդուն բնորոշ սեզոնային գրիպի ենթատեսակների շարքին։ Հետևաբար սահմանափակող միջոցառումներ չեն պահանջվում:

«Հայաստանի Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակը համահունչ է եվրոպական տարածաշրջանում համաճարակային իրավիճակին։ Հանրապետությունում իրականացվող շաբաթական մշտադիտարկման տվյալներով դիտվում է սուր շնչառական վարակների և գրիպի բնականոն, օրինաչափ ընթացք: Հանրապետության բժշկական կազմակերպություններում, այդ թվում` վերակենդանացման բաժանմունքներում, հետգրիպային բարդություններով հիվանդներ չեն բուժվում»,-ասված է հաղորդագրությունում:

Իրականացված լաբորատոր հետազոտությունների տվյալները վկայում են, որ այսօր մեր երկրում շրջանառում են ինչպես շնչառական վարակների հարուցիչներ՝ ռինովիրուսներ, պարագրիպ և ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, այնպես էլ գրիպի Ա և Բ տեսակի վիրուսներ: Հանրապետությունում առկա են գրիպի ցանկացած տեսակի և ենթատեսակի բուժման համար նախատեսված հակավիրուսային պատրաստուկներ:

Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է. «գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով` խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,  եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, հագնվե´ք եղանակին համապատասխան, պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները, հետևե´ք անձնական հիգիենային»:-0-