Դատախազը հանձնարարել է ՀՔԾ-ում նյութեր նախապատրաստել ՀԿՀ նախագահի կողմից ուղարկված դիմումների վերաբերյալ

07.12.2015, 16:41
ՀՀ  հանրաքվեի ԿԸՀ նախագահ Տ. Մուկուչյանը  ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին է ուղարկել   դեկտեմբերի 6-ին ՀՀ հանրաքվեի ԿԸՀ ներկայացված երկու դիմումներ՝ asparez.am  կայքի լրագրող Մելինե Ավագյանից և «Իրավունքի Եվրոպա Միավորում», «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ներից և «Ասպարեզ» օրաթերթի ու  asparez.am կայքի լրագրողներից:
Դատախազը հանձնարարել է ՀՔԾ-ում նյութեր նախապատրաստել ՀԿՀ նախագահի կողմից ուղարկված դիմումների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ  հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյանը  ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին է ուղարկել  2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ հանրաքվեի ԿԸՀ ներկայացված երկու դիմումներ՝ asparez.am  կայքի լրագրող Մելինե Ավագյանից և «Իրավունքի Եվրոպա Միավորում», «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ներից և «Ասպարեզ» օրաթերթի ու  asparez.am լրատվական կայքի լրագրողներից, հայտնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

Տ. Մուկուչյանը տեղեկացրել է, որ  «asparez.am» լրատվական կայքի լրագրող Մելինե Ավագյանի անունից ներկայացված դիմումի կապակցությամբ անձամբ իր կողմից տեղեկատվություն ճշտելիս պարզվել է, որ ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Նա որևէ մեկիին չի խնդրել իր անունից ներկայացնել դիմում և ուղարկվել է կարճ հաղորդագրություն նշվածի վերաբերյալ (կից ներկայացված է լուսապատճենը):

«Իրավունքի Եվրոպա Միավորում», «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունների և «Ասպարեզ» օրաթերթի ու  asparez.am լրատվական կայքի լրագրողների անունից ստացված դիմումի կապակցությամբ ևս իրականացվել է արագ արձագանքում, հեռախոսազանգով ճշտվել է հեռախոսազանգի իսկությունը, և դիմումում նշված քաղաքացիները ևս պարզաբանել են, որ ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը:

Այնուամենայնիվ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դիմումներն ուղարկվել են ՀՔԾ  Քրեական դատավարության օրենսգրքի  180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար:

Քննչական կոմիտեն հարուցել է 2 քրեական գործ՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ>>

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը տեղի ունեցած ընտրական խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում  ստացվել է 127 հաղորդում, որոնց գերակշիռ մասը վերաբերում է ԶԼՄ-ներով տարածված ահազանգերին։Հաղորդումներից 79-ը վերաբերում է Երևանում, 48-ը՝ մարզերում տեղի ունեցած խախտումներին

Քննության արդյունքներով դեկտեմբերի 6-ին հարուցվել է 2 քրեական գործ՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով:

Հայաստանում դեկտեմբերի 6–ին բացված 1997 ընտրատեղամասերում անցկացվեց սահմանադրական բարեփոխումների հանրապետական հանրաքվեն։

ԿԸՀ–ի նախնական տվյալների համաձայն` բարեփոխումներին կողմ է քվեարկել 825 851 ընտրող, դեմ` 421 600–ը։ Քվեարկությանը մասնակցել է 1 303 466 ընտրող, այդ թվում` 189 230–ը ID քարտերով։

Ընտրական հանձնաժողովներում մարվել է 1 330 954 քվեաթերթիկ, անվավեր է ճանաչվել 53 332 քվեաթերթիկ։-0-