«Զեյթուն Սվիթ» ՍՊԸ–ում ստուգումներ են իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կառույցների մասնագետները ձեռնարկել են վերահսկողական գործողություններ Լոռու և Սյունիքի տարբեր բնակավայրերում վերջին օրերին գրանցված՝ բնակիչների թունավորման դեպքերի շուրջ: Այս մասին հաղորդում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի երկու մարզերի՝ Լոռիի և Սյունիքի, տարբեր բնակավայրերում (Ստեփանավան, Վանաձոր, Կապան, Սիսիան հարակից համայնքներ) վերջին օրերին գրանցվել են բնակիչների թունավորման դեպքեր: Հունվարի 27-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում մարզկենտրոնների բժշկական հաստատություններ է դիմել 49 քաղաքացի՝ սննդային թունավորում ախտորոշմամբ:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ահազանգն ստանալուց անմիջապես հետո ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կառույցների մասնագետները ձեռնարկել են վերահսկողական գործողություններ: Մասնավորապես, հիվանդանոց դիմած քաղաքացիների հետ զրույցներից պարզելով, որ բոլորի մոտ թունավորման ախտանշաններն ի հայտ են եկել էկլեր տեսակի թխվածք օգտագործելու արդյունքում, հետագծելիությամբ պարզել են, որ բոլորն էլ կերել են «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ արտադրության «էկլեր ջնարակապատ»: Միջոցներ են ձեռնարկվել իրացման ցանցում այն հայտնաբերելու ուղղությամբ:
Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել նաև «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ արտադրությունում: Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ չեն արձանագրվել, սակայն պարզվել է, որ Էկլեր ջնարակապատ արտադրատեսակը չի անցել համապատասխանության գնահատում և չունի անվտանգության հայտարարագիր։ «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ-ին տրվել է կարգադրագիր «Արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» և սահմանվել ժամկետ թերությունը շտկելու համար։
«Կատարվել է նաև նմուշառում առկա հումքից՝ ձու, կարագ, սփրեդ, ինչպես նաև պատրաստի արտադրանքից` ջնարակապատ էկլերից:
Լաբորատոր փորձաքննության արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես»,- ասվում է ՍԱՊ-ի հաղորդագրության մեջ:-0-