Երևանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին. ԼՐԱՑՎԱԾ

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին։ Այս մասին հայտնել է Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պետ Նաիրա Հարությունյանն իր Facebook–յան էջում։
«Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը: Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ»,– գրել է նա։
Կուտոյանը նշանակվել է ԱԱԾ պետ 2016թ.–ի փետրվարի 12–ին ՀՀ նախագահի (Սերժ Սարգսյան, խմբգր.) հրամանագրով Գորիկ Հակոբյանի հրաժարականից հետո։ Կուտոյանը զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև 2018թ.–ի մայիսի 10–ը։
Կուտոյանի կենսագրական տվյալները
Գեորգի Կուտոյանը ծնվել է 1981թ.–ի սեպտեմբերի 30–ին Երևանում։
1997-2002 թթ.–ին սովորել և գերազանցությամբ ավարտել է Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։
2002-2005 թթ. –ին սովորել և ավարտել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։ 2007 թ.–ին ավարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը:
2002-2010 թթ.–ին դասավանդել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում զբաղվել է գիտամանկավարժական գործունեությամբ։
2005-2006 թթ.–ին Կուտոյանն աշխատել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնում` որպես գիտական աշխատող, այնուհետև՝ որպես իրավական և կառուցվածքային բարեփոխումների բաժնի դատախազ։
2006-2007 թթ.–ին Կուտոյանն աշխատել է որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական, իսկ 2008-2010 թթ.–ին աշխատել է որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու։
2010-2011 թթ.-ին զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։ 2011 թ.–ին Կուտոյանը ՀՀ նախագահի կարգադրությամբ նշանակվել է ՀՀ նախագահի օգնական։
2011-2014 թթ.–ին զբաղեցրել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
ՀՀ նախագահի հրամանով 2013թ.–ի ապրիլի 17–ին պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։
Գեորգի Կուտոյանն արդարադատության առաջին դասի խորհրդական էր։ Ամուսնացած էր, ուներ մեկ որդի։ Տիրապետում էր ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։–0–