Երևանի պոլիկլինիկաներում այսուհետ հասանելի է նաև COVID-19–ի դեմ չինական «Սինովակ» պատվաստանյութը (ՎԻԴԵՈ)

24.05.2021, 14:04
Երևանի պոլիկլինիկաներում այսուհետ հասանելի է նաև COVID-19–ի դեմ չինական «Սինովակ» պատվաստանյութը, kարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները։ Պատվաստումներն անվճար են.ՎԻԴԵՈ
Երևանի պոլիկլինիկաներում այսուհետ հասանելի է նաև COVID-19–ի դեմ չինական «Սինովակ» պատվաստանյութը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի պոլիկլինիկաներում «Քովիդ 19»-ի դեմ արդեն երեք պատվաստանյութ է հասանելի։

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը. «ԱստրաԶենեկայից» և «Սպուտնիկ-Վի»-ից բացի, չինական «Սինովակ»-ն է պայքարի դուրս եկել վարակի դեմ:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ, COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր մայիսի 23-ի դրությամբ` կատարվել է 26562 պատվաստում։ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը
Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։

Գործում են նաև շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում. Երևանում` Հյուսիսային պողոտայի, «Կասկադ համալիրի», «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի, «Մոսկվա» կինոթատրոնի, «Երևանի 2800-ամյակի այգու» (Կենտրոնական բանկի դիմաց) և «Երիտասարդական» մետրոյի կայարանի հարակից տարածքներ, ինչպես նաև «Դալմա Գարդեն» մոլ և «Մեգամոլ» առևտրի կենտրոններում, Գյումրու Վարդանանց հրապարակում, Վանաձորի Հայքի հրապարակում, Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ:

Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները։ Պատվաստումներն անվճար են։

«ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18 տարեկանից բարձր բուժաշխատողների, քրոնիկ հիվանդների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Մայիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221982 դեպք, որոնցից 211375-ն` առողջացած, 4394-ը` մահվան ելքով։–0–