Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է. ոստիկանությունը բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին՝ Վանեցյանի գլխավորությամբ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ոստիկանները բերման են ենթարկում Ազատության հրապարակում կազմակերպված ակցիայի մասնակիցներին, ակցիան կազմակերպվել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ , «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կողմից:
Ոստիկանները Ազատության հրապարակի և Հյուսիսային պողոտայի մոտակայքում ուժի կիրառմամբ բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին: Գրանցվում են բախումներ, մարդիկ փորձում են դիմադրություն ցույց տալ, իրավիճակը լարված է:
Վանեցյանն այսօր ավելի վաղ հայտնել է, որ չի հեռանա Ազատության հրապարակից և կխոսի քաղաքացիների հետ: Նա հայտարարել է, որ «եկել է կրիտիկական պահը, երբ մենք արդեն ոչնչի չենք կարող հասնել հոդվածներ գրելով, ելույթներով, Facebook-ի հրապարակումներով: Այս իշխանությունների կողմից վերջին օրերին արված հայտարարությունները ցույց են տալիս, որ նրանք արդեն համակերպվել են Արցախի կորստի հետ, պատրաստ են ամբողջությամբ տալ Արցախը թշնամուն, մենք խնդիրներ ունենք Հայաստանի անվտանգության հետ»:
Նա կոչ է արել համախբվել, դառնալ ավելի ուժեղ և պայքարել Հայաստանի, Արցախի և հայ լինելու համար:Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 13–ին խորհրդարանում հայտարարեց. «Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ: Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեզ վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»։ Այս հայտարարությունը բուռն արձագանք ստացավ հասարակության շրջանում։ Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ վրդովմունք հայտնեցին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին Փաշինյանի հայտարարության կապակցությամբ։ Արցախի ԱԺ–ն միաձայն ընդունեց հայտարարություն` պահանջելով Հայաստանի իշխանություններից հրաժարվել իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից։-0-