Երևանի կենդանաբանական այգում յագուար է սատկել, տնօրենը նշում է հավանական պատճառը

15.02.2022, 13:42
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը նշել է յագուարի սատկելու հավանական պառճառը
Երևանի կենդանաբանական այգում յագուար է սատկել, տնօրենը նշում է հավանական պատճառը

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Երևանի կենդանաբանական այգում յագուար է սատկել: 

Այս մասին հայտնել է այգու տնօրեն Արևիկ Մկրտչյանը: 

«Թեպետ վատ լուրով, միևնույն ժամանակ հավատարիմ մնալով թափանցիկ աշխատելաոճին՝ հայտնում եմ, որ Կենդանաբանական այգու յագուարին առավոտյան գտել ենք անշարժացած:  Որևէ կլինիկական ախտանշան վերջին 3-4 օրվա ընթացքում, բացի դժվարաշնչությունից, չի եղել: Կերից հրաժարվել է միայն նախորդ օրը երեկոյան:  Կատարել ենք հակաբիոտիկային բուժում, որից հետո յագուարն ակտիվացավ, սկսեց կես բաժնի փոխարեն մեկն ուտել», - նշել է Մկրտչյանը Facebook-յան իր էջում:

Նա նշել է, որ յագուրաի մահը հանկարծակիի բերել բոլորն առավոտ կանուխ՝ առաջացնելով բազմաթիվ հարցեր: 

«Այսօր իմ հրավերով Այգի են ժամանել ՀՀ ՍԱՏՄ աշխատակիցները, լաբորատորիայի գլխավոր դիահերձողն ու Ագրարային համալսարանի լավագույն պրոֆեսորները՝ դիահերձում կատարելու, 10 տարեկան կենդանու հանկարծակի մահվան պատճառը պարզելու համար: Նախնական ախտորոշմամբ պատկերը բնորոշ է քրոնիկ բրոնխոպնևմոնիայի. ախտահարված էին կենդանու թոքերը, բրոնխները, լյարդն ու փայծաղը: Թոքերի շուրջ և տարածված կային նաև տեսանելի հյուսվածքներ, որ նորագոյացության կասկած տվեց, ինչը պարզելու համար կենսանմուշն ուղարկեցինք հիստոպաթոլոգիական անալիզի», - նշել է տնօրենը: 

Նա նաև հայտնել է, որ լացուցիչ իրականացրել են տոքսոպլազմոզի ստուգում՝ դրական ելքով (որի համար կա հավանական 2 պատճառ՝ տարածքի թափառող կատուներ + սննդակարգի վարակված միս, բայց սա մահվան պատճառ լինել չէր կարող), նմուշի մանրէաբանական լաբ. ստուգում, ինչպես նաև թունաբանություն՝ բացառելու համար բոլոր այլ գործոնները: 

Լաբորատոր և դիահերձման պատասխանները պարզ կլինեն 3-4 օրվա ընթացքում, որի արդյունքները լինելուն պես կհրապարակվեն: 

«Նախքան դա խնդրում եմ բոլորին նվազագույնը սպասել մասնագիտական եզրահանգմանը և զերծ մնալ սուբյեկտիվ դատողություներից ու չհիմնավորված ենթադրություններից: Յագուարին ներմուծել եմ ես՝ Վրաստանի Հանրապետությունից, դեռ 2013թ-ին: Կենդանին ընդամենը 3 տարի ցուցադրվեց, իսկ 2016թ.-ի վերակառուցումից հետո մինչ օրս պահվեց Այգու կարանտինային շենքում, ուր ջեռուցումն, իմ տվյալներով, մշտապես խնդիրներ է ունեցել: Կենդանու հիվանդության պատմություն/անկետա գոյություն չունի: Կլինիկական ախտանիշներ նկարագրված չկան, սակայն ցանկացած կենդանաբույժ կհավաստի, որ բրոնխիտային - թոքային պրոցեսը ժամանակին չհայտնաբերելն ու չբուժելն անհետևանք մնալ չէր կարող: Հիստոպաթոլոգիան կտա բոլոր հարցերի պատասխանները, վերջնական եզրակացությունը կհաջորդի:

Յագոն իմ սիրելին էր՝ Երևանին նվիրաբերված առաջին կատվազգին...», - գրել է Մկրտչյանը:-0-