Երևանի հասարակական տրանսպորտի աշխատանքում հնարավոր են ժամային խախտումներ․ քաղաքապետարան

22.05.2024, 22:03
Երևանի քաղաքապետարանից զգուշացնում են, որ տրանսպորտի աշխատանքում հնարավոր են ժամային խախտումներ
Երևանի հասարակական տրանսպորտի աշխատանքում հնարավոր են ժամային խախտումներ․ քաղաքապետարան
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ինքնակամ կերպով երթուղիներից դուրս գալու պատճառով ուղեգծերում հնարավոր են սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ, իսկ առանձին երթուղիներում՝ շարժակազմերի բացակայություն, հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Facebook–յան իր էջում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանում հասարակական տրանսպորտի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք պնդում են, որ նոր տնօրենն անհիմն կերպով աշխատանքից ազատում է աշխատակիցներին և նրանց նկատմամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում։

Երևանի քաղաքապետարանից արձագանքել են, որ վարորդների այս նախաձեռնությունը դիտարկվում է որպես սաբոտաժային քայլ։

«Առկա են ստույգ տվյալներ, որ վարորդների կողմից այսօր կատարված այս գործողություններն ուղղորդված են, ուստի հետամուտ ենք լինելու, որպեսզի այս գործողություններն իրականացնողներն ու կազմակերպիչները կրեն քրեաիրավական ամենախիստ պատասխանատվությունը», – նշել են քաղաքապետարանից։