Երևանի հասարակական տրանսպորտի վարորդները գործադուլ են կազմակերպել, քաղաքապետարանից նշում են, որ դա սաբոտաժ է

22.05.2024, 18:25
Երևանի հասարակական տրանսպորտի վարորդները գործադուլ են կազմակերպել
Երևանի հասարակական տրանսպորտի վարորդները գործադուլ են կազմակերպել, քաղաքապետարանից նշում են, որ դա սաբոտաժ է
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Երևանում հասարակական տրանսպորտի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում։

Նրանք պնդում են, որ նոր տնօրենն անհիմն կերպով աշխատանքից ազատում է աշխատակիցներին և նրանց նկատմամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում։

Մարտի 29-ին Հովհաննես Մանուկյանը հեռացավ «Երևանի ավտոբուսներ» ՓԲԸ տնօրենի պաշտոնը։ Ապրիլի 29-ին Սամվել Նազարյանը նշանակվեց «Երևան ավտոբուսներ» ՓԲԸ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար։

«Պահանջում ենք, որ նախկին գլխավոր ինժեները, հաշվապահության աշխատակիցները և մյուս աշխատակիցները վերականգնվեն իրենց պաշտոններում։ Մենք մեկ ընտանիքի պես միասին աշխատել ենք 12 տարի, իսկ մեկ ամսվա ընթացքում ամեն ինչ փոխվում է»,- նշեցին բողոքի ակցիայի մասնակիցները։

Ըստ նրանց՝ նոր տնօրենն առանց պատճառի աշխատանքից ազատում է բոլորին և նրանց փոխարեն նշանակում «իր մարդկանց»։

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանн Facebook–յան էջում գրել է, որ Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը ըստ էության դիտարկում է որպես սաբոտաժային քայլ ՝ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող իրական և բովանդակային բարեփոխումների:

«Առկա են ստույգ տվյալներ, որ վարորդների կողմից այսօր կատարված այս գործողություններն ուղղորդված են, ուստի հետամուտ ենք լինելու, որպեսզի այս գործողություններն իրականացնողներն ու կազմակերպիչները կրեն քրեաիրավական ամենախիստ պատասխանատվությունը», – նշել է Կոստանյանը։