«Վստրեչի Ապերը» հետախուզվում է. նրան կալանավորելու որոշում է կայացվել. (ՎԻԴԵՈ)

09.03.2020, 18:53
«Վստրեչի Ապերը» հետախուզվում է. նրան կալանավորելու որոշում է կայացվել. ՎԻԴԵՈ
«Վստրեչի Ապերը» հետախուզվում է. նրան կալանավորելու որոշում է կայացվել. (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել սպանության փորձի, կողոպուտ և առևանգում կազմակերպելու համար: Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

2020թ. մարտի 4-ի գիշերը, ոստիկանության աշխատակիցները խուզարկել են Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տները։

Կատարված գործողությունների արդյունքում բերման են ենթարկել Արամ Վարդանյանի որդին և 2 քաղաքացի, 2 քաղաքացի էլ ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարևանը: Ձերբակալվածները որոշ ժամանակ անց ազատ են արձակվել։

Նշենք, որ տան խուզարկությունը շարունակվել է նաև հաջորդ օրը։ Վարդանյանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանին եւ Լուսինե Սահակյանին քննիչները ներկայացրել էին տանը խուզարկությունն իրականացնելու դատարանի որոշումը։ Ըստ որոշման բովանդակության՝ նրանք Վարդանյանի տանը փնտրել են զենք-զինամթերք, չգտնելով նմանատիպ իրեր, վերցրել են Վարդանյանի անձնական կյանքին վերաբերող տեսաերիզներ։

«Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից սպանության փորձ, կողոպուտ և անձի առևանգում կազմակերպելու մեղադրանքով հետախուզվում է Երևանի բնակիչ, 49-ամյա Արամ Վարդանյանը, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02, 010 45-02-02 հեռախոսահամարներով։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»,- հայտարարել է ոստիկանությունը:-0-