Վրաստանում վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում ՀՀ տեղափոխված 14-ամյա տղան սկսել է շնչել ինքնուրյուն, նա վիրահատվել է

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 14-ամյա տղան, ով գիտակցության է ու սկսել է շնչել ինքնուրյուն, վիրահատվել է։
Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի մամուլի քարտուղար Գևորգ Դերզյանը։
«Տղայի մոտ կատարվել է ստորին վերջույթների ոսկրային բեկորների համադրում, օսթեոսինթեզ: Վիրահատությունը հաջող է անցել: Տղայի ընդհանուր վիճակը գնահատվում է բավարար», – հայտնում է մամուլի քարտուղարը:
Մյուս տուժածը՝ 16-ամյա աղջիկը ևս շարունակում է բուժում ստանալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։ Նա նախորդ շաբաթ հաջողությամբ վիրահատվել էր, այս պահին պլանային բուժում է ստանում: Կյանքին վտանգ չի սպառնում։
Դերզյանի խոսքով, մույն վթարից երրորդ տուժածը՝ 12-ամյա տղան հուլիսի 12-ին ապաքինված դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:
Հուլիսի 7-ին հանգստի մեկնելու ճանապարհին, Գորիի մոտակայքում վարորդը կորցրել էր մեքենայի կառավարումն ու բախվել արգելապատնեշին: Վթարի հետևանքով մահացել էր 3 մարդ, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։–0–