Ոստիկանությունը մեկնաբանել է ԱԱԾ–ի մոտ տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով լրագրողներ են տուժել

17.06.2020, 01:11
Ոստիկանությունը մեկնաբանել է ԱԱԾ–ի մոտ տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով լրագրողներ են տուժել
Ոստիկանությունը մեկնաբանել է ԱԱԾ–ի մոտ տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով լրագրողներ են տուժել
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ երեքշաբթի ԱԱԾ–ի մոտ տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով լրագրողներ են տուժել։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեքշաբթի դուրս եկավ ԱԱԾ–ից, որտեղ հարցաքննվում էր, և մոտեցավ իրեն սպասող կողմնակիցներին ու լրագրողներին։ Երբ լրագրողները սկսեցին նկարահանել և հարցեր տալ Ծառուկյանին, ոստիկանությունը սկսեց ակտիվ գործողություններ, ինչի հետևանքով առաջացավ հրմշտոց, տուժեցին լրագրողներ, վնասվեց պրոֆեսիոնալ տեխնիկա։

«Այսօր Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ կատարվող իրադարձությունները լուսաբանող լրագրողները դժգոհել են ոստիկանության գործողությունների կապակցությամբ: Ոստիկանության պետի հանձնարարությամբ մտահոգության առիթ տված միջադեպը կուսումնասիրվի: Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ ոստիկանությունը միշտ էլ հասարակական կարգի ապահովման նկատառումներով հրատապ գործողություններ է իրականացնում զանգվածային միջոցառումների տարածքում: Դրանց մասին պատասխանատուները զգուշացնում են միջոցառման մասնակիցներին, իսկ լրագրողներին հորդորում այնպիսի դիրք գրավել, որ չխանգարեն ոստիկանության ու սեփական աշխատանքին», – նշվում է ոստիկանության հայտարարության մեջ:

Загружается новость ... "Лево"

Ոստիկանությունից նշում են, բարձր են գնահատում հանրությանը հրատապ տեղեկատվություն տրամադրելու լրագրողների մասնագիտական ջանքը և զանգվածային լրատվության ներկայացուցիչներին լիարժեք գործընկեր են համարում հասարակական կարգի ապահովման գործում:

«Ուստի կրկին խնդրում ենք ականաջալուր լինել մեր հորդորին՝ և շարունակել ոստիկանություն-ԶԼՄ գործընկերային հարաբերությունները՝ ի շահ հասարակական կարգի ապահովման, մեր քաղաքացիների անվտանգության պահպանման ու բոլորիս մասնագիտական պարտականությունների անվերապահ կատարման», – նշվում է ոստիկանության հայտարարության մեջ:

Ծառուկյանի շուրջ իրադարձությունների մասին

Հունիսի 14–ին առավոտյան ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար և գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, այնուհետև կանչել են ԱԱԾ`հարցաքննության, որը տևել է ավելի քան 9 ժամ, որի ընթացքում ԱԱԾ–ի մոտ կազմակերպվել էր բողոքի զանգվածային ակցիա։

ԱԱԾ–ում հարուցվել է մի քանի քրեական գործ, որոնց դերակատարներն են Ծառուկյանն ու նրա կողմնակիցները, այդ թվում` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Քրեական գործերը վերաբերում են անօրինական ձեռնարկատիրական գործունեությանը, ընտրական գործընթացներում ԲՀԿ–ի ընտրակաշառքների սխեմայի քողազերծմանը, «Առինջ մոլի» շահագործմամբ զբաղվող ընկերության հանցավոր սխեմայի բացահայտմանը։

Ծառուկյանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ քրեական գործերը սարքած են ու շինծու, ունեն ակնհայտ քաղաքական ենթատեքստ։ Նա հայտարարել է, որ այս ամենի պատճառը ՀՀ գործող կառավարության հասցեին հնչեցրած քննադատությունն է և նշել է, որ կառավարությունը «գնում է ընդդիմախոսների նկատմամբ տեռորի ճանապարհով», նա արդեն արել է իր ընտրությունն ու «պատրաստա է ցանկացած սցենարի»։

Հունիսի 16–ին ԱԺ–ն զրկեց Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից, ինչպես նաև հավանության արժանացրեց նրան ազատությունից զրկելու միջնորդությունը։–0–