Ոստիկանությունն Ամուլսարի ցուցարարներին առաջարկել է այլընտրանքային լուծում, սակայն ակտիվիստները հրաժարվել են (ՎԻԴԵՈ)

04.08.2020, 22:56
Ոստիկանությունն Ամուլսարի ցուցարարներին առաջարկել է այլընտրանքային լուծում, սակայն ակտիվիստները հրաժարվել են. ՎԻԴԵՈ
Ոստիկանությունն Ամուլսարի ցուցարարներին առաջարկել է այլընտրանքային լուծում, սակայն ակտիվիստները հրաժարվել են (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Իրավիճակն Ամուլսարում շարունակում է լարված մնալ։ Ցուցարարները որոշել են չհեռանալ ակցիայի անցկացման վայրից մինչև չլուծվի Lydian Armenia–ի կողմից տեղադրված վագոն–տնակների հետ կապված խնդիրը, չնայած ոստիկանությունն առաջարկել է լուծման այլ տարբերակ։

Այսօր կազմակերպվել էր բողոքի ակցիա Lydian Armenia ընկերության կողմից Ամուլսարի մոտ վագոն–տնակների տեղադրման դեմ։ Ցուցարարները հայտարարել են, որ ընկերությունը տեղափոխել է այնտեղ գտնվող տնակներն ու դրանց փոխարեն տեղադրել է իրենը։ Հավաքվածները նաև պահանջել են կառավարությունից արգելել հանքի շահագործումը և չեղարկել ընկերության բոլոր ծրագրերը երկրում։

Ակցիայի ընթացքում գրանցվեցին բախումներ ցուցարարների, ոստիկանների և պահպանության ծառայության աշխատակիցների միջև, ինչի հետևանքով 10 մարդ բերման ենթարկվեց։ Դեպքի վայրում աշխատում էր նաև շտապ օգնությունը։

Վայոց Ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը հենց տեղում կազմակերպված քննարկումներից հետո հայտարարեց, որ ինքը փորձել է գտնել խնդրի հնարավոր լուծումները։

«Այս պահին մենք դեռ քննարկումների փուլում ենք, տեղափոխման վերջնական հարցը լուծված չէ, սակայն ես խոսք չեմ տալիս, որ այդ հարցը հիմա կլուծվի։ Մենք եկել ենք համաձայնության, որ վաղը ձեր խումբը կարող է գնալ կառավարություն և կազմակերպել կառուցողական քննարկում այդ հարցով, այնտեղ ամեն ինչ կպարզվի», – նշեց նա։

Ազիզյանը հիշեցրեց, որ քրեական գործ է հարուցվել այդ տարածքում ընկերության տնակների գտնվելու հետ կապված որի շրջանակում կա հիմնավոր կասկած, որ դրանք այնտեղ տեղադրվել են ապօրինի։

Սակայն իրավիճակը սկսեց կրկին լարվել։ Ցուցարարների մի մասը չէր ցանկանում անգամ լսել ոստիկանապետին։ Հավաքվածների և Ազիզյանի միջև սկսվեց բանավեճ։

Արդյունքում ցուցարարները հրաժարվեցին հեռանալ տարածքից և որոշեցին մնալ ակցիայի անցկացման վայրում` սպասելով կառավարության ներկայացուցիչներին։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը շարունակում է հետևել իրադարձությունների զարգացմանը։

Ամուլսարի հանքավայրի աշխատանքը, որի շահագործմամբ զբաղվում է Lydian Armenia ընկերությունը, դադարեցվել է 2019թ.–ի փետրվարից` Ջերմուկում և Սևանում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական գնահատական ստանալու նպատակով։

2019թ.–ի օգոստոսին Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը ներկայացրել է միջազգային փորձագիտական խմբի եզրակացությունը, որի համաձայն, բնապահպանական սպառնալիքներ չկան, իսկ հավանականները հնարավոր է վերահսկել քայլերի ձեռնարկմամբ։

Փորձաքննությունն անցկացվել է Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությունը Քննչական կոմիտեում 2018 թվականի հուլիսի 20–ին հարուցված քրեական գործի շրջանակում։ Փորձաքննության նպատակն Ամուլսարի հանքավայրի շահագործման բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումն է։–0–