Թորոսյանը նշել է դեղորայքները, որոնցով բուժում են կորոնավիրուսը Հայաստանում` հայտնելով պատվաստանյութի ստեղծման ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Ազատություն» ռ/կ–ին տված հարցազրույցում խոսել է այն դեղամիջոցների մասին, որոնցով երկրում բուժում են կորոնավիրուսը և որքանով է հավանական տեսանելի ապագայում պատվաստանյութի ստեղծումը։
Բուժման մասին
Հայաստանում կորոնավիրուսի բուժման համար օգտագործվում են բոլոր այն դեղամիջոցները, որոնք օգտագործվում են սիմպտոմատիկ բուժման համար։
«Տարբեր պացիենտների մոտ լինում են տարբեր բողոքներ, օգտագործվում են տարբեր դեղամիջոցներ։ Սպեցիֆիկների թվում են հակավիրուսային դեղամիջոցները։ Իհարկե աշխարհում ապացուցված չէ, որ դրանք ազդում են վիրուսի վրա», – ասել է նա։
Նախարարը տեղեկացրել է, որ օգտագործվում է նաև հիդրօքսիդ քլորոխինի սուլֆատ, որի ապրանքային անվանումն է «Պլաքվենիլ»։
«Այն հակամալարիական դեղամիջոց է, որն օգտագործվում է ամբողջ աշխարհում», – ասել է նա` ավելացնելով, որ բժիշկները փորձում են գնահատել այդ դեղամիջոցների ազդեցությունը։
Թորոսյանը նշել է, որ նախնական արդյունքներով, այդ դեղերն ինչ–որ իմաստով ազդում են, սակայն դժվար է ասել, թե որքան և ինչ ծավալով։
«Դրա մասին դեռ վաղ է խոսել, քանի որ այդ դեղերը նաև պետք է անցնեն կլինիկական փորձարկումներ հենց կոնկրետ հիվանդության առումով` անգամ հաշվի առնելով այն, որ այլ հիվանդության մասով դրանք արդյունավետ են», – պարզաբանել է նա։
Պատվաստանյութի մասին
Անդրադառնալով կորոնավիրուսի պատվաստանյութի թեմային` Թորոսյանը նշել է, որ դրանց ստեղծումը շատ բարդ և երկարատև գործընթաց է անգամ գիտության զարգացման այս փուլում, և այն կարող է տևել 1–2, անգամ 3 տարի։
«Պատվաստանյութի ազդեցության մեխանիզմները տեսականորեն արձանագրելը քիչ է, պետք է նաև պարզել մարդու վրա պատվաստանյութի ազդեցության արդյունավետությունը։ Եվ ամենակարևորն այն է, որ պատվաստանյութը պետք է լինի անվտանգ մարդու համար», – ասել է նախարարը` պարզաբանելով, որ հենց այս վերջին բաղադրիչի վրա է ծախսվում ամենաշատ ժամանակը։
Նրա խոսքով, միայն այս բոլոր փուլերն անցնելուց հետո հնարավոր է պատվաստանյութի լայն կիրառում։
«Հաշվի առնելով այս ամենը` պետք չէ հուսալ, որ, օրինակ, մի քանի ամիս անց մենք կունենանք պատվաստանյութ։ Լավագույն դեպքում մենք նորություններ կունենանք մեկ տարուց», – ասել է Թորոսյանը։
Ինչպես նշել է նախարարը, նմանատիպ իրավիճակ է նաև կորոնավիրուսի բուժման դեղորայքի հարցում։Հայաստանում ապրիլի 26–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1746 դեպք, առողջացել է 833 մարդ, փաստացի բուժվում է 885 մարդ, 28 մարդ, ցավոք, մահացել է։–0–