Թորոսյանը կնշանակի նոր միավորված բուժկենտրոնի տնօրենին, իսկ ինչու՞ հեռացավ «Նորք» ինֆեկցիոնի տնօրենը. ԱՆ–ն մեկնաբանում է

08.08.2020, 16:04
Թորոսյանը կնշանակի նոր միավորված բուժկենտրոնի տնօրենին, իսկ ինչու՞ հեռացավ «Նորք» ինֆեկցիոնի տնօրենը. ԱՆ–ն մեկնաբանում է
Թորոսյանը կնշանակի նոր միավորված բուժկենտրոնի տնօրենին, իսկ ինչու՞ հեռացավ «Նորք» ինֆեկցիոնի տնօրենը. ԱՆ–ն մեկնաբանում է

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը պարզաբանում է ներկայացնել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի աշխատանքից հեռացման կապակցությամբ։

Հիշեցնենք, որ նախօրեին Մհեր Դավիդյանցը հիվանդանոցի անձնակազմին հայտնել է, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ 

«Անդրադառնալով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի աշխատանքից հեռացման դիմումին, ուզում եմ հիշեցնել, որ դեռ տարեսկզբից երկու կենտրոնների` ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միացման գործընթաց է սկսվել:

Նոր ձևավորվող բժշկական կենտրոնում Մհեր Դավիդյանցին առաջարկվել էր ընդհանուր գծով տեղակալի պաշտոնը, որն ի սկզբանե ընդունվել էր վերջինիս կողմից, սակայն հետագայում նա հրաժարվել է այդ պաշտոնից», – գրել է Նիկողոսյանը Facebook–յան իր էջում։

ԱՆ մամուլի խոսնակն ավելացրել է, որ նախարարի հրամանով երկու բժշակական կենտրոնների ՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեններն արդեն իսկ ազատված են պաշտոնից՝ կապված նոր կենտրոնի ձևավորման գործընթացի հետ։

«Երկու կենտրոնների միացումից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին նշանակելու է նախարարը։ Պարոն Դավիդյանցին առաջարկվել է նաև շարունակել համագործակցությունն իր համար ընդունելի այլ ֆորմատներով, օրինակ` գիտական, ուսումնական գործունեությամբ զբաղվելու: Նախարարությունը և նախարարը բարձր են գնահատում Մհեր Դավիդյանցի ներդրումը համավարակի դեմ պայքարի աշխատանքներում և ցավում են նրա նման որոշման համար», – գրել է նա։–0–