Տավուշցիներն ունենալու են ավելի լավ տներ, քան ունեցել են հրետակոծությունից առաջ. մարզպետ (ՎԻԴԵՈ)

02.08.2020, 20:08
Մեծ թափով շարունակվում են հակառակորդի հրետակոծության հետևանքով սահմանամերձ գյուղերի շուրջ 100 վնասված շինությունների վերականգման աշխատանքները. ՎԻԴԵՈ
Տավուշցիներն ունենալու են ավելի լավ տներ, քան ունեցել են հրետակոծությունից առաջ. մարզպետ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հակառակորդի հրետակոծության հետևանքով սահմանամերձ գյուղերի շուրջ 100 վնասված շինությունների վերականգման աշխատանքները շարունակում են ակտիվորեն ընթանալ, նաև մեկնարկել է Այգեպար գյուղի փողոցների ասֆալտապատման աշխատանքները:

Այս մասին հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Նա նշել է, որ երեկ այցելել է հրետակոծությունից ամենից շատ տուժած Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր համայնքներ:

Загружается новость ... "Лево"

«Վերականգնման աշխատանքներն ավարտելու ենք հնարավոր ամենասեղմ ժամկետներում, և մեր բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան ունեցել են հրետակոծությունից առաջ: Շատ ոգևորված և հպարտ եմ մեր սահմանապահ բնակիչներով, որոնք ոչ միայն ընկճված չեն, այլ իրենց հողին կանգնած են ավելի ամուր, քան երբևէ», – նշել է մարզպետը Facebook–յան իր էջում:

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման մասին

Հուլիսի 12-ից Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կազմակերպել հայ-ադրբեջանական սահմանին: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրք գրավելու մի քանի փորձ է կատարել` տանկի, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Հակառակորդը հրետակոծել է հայկական հենակետերը, նաև թիրախավորել բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ է հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տվել պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշել հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:

Հուլիսի 16-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել, որը թեժ մարտից հետո կանխվել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից և թշնամին, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Դրան հաջորդել է Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը ՝ ականանետի և Դ-30 հաուբիցի կիրառմամբ: ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր: Հուլիսի 17-ից հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

ՊՆ տվյալներով, հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որից այս պահին դրությամբ բուժում է ստանում 10-ը, 5 զինծառայող զոհվել է: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան։ Հուլիսի 16-ին հակառակորդի անօդաչուի հարվածից վիրավորում է ստացել Չինարի գյուղի բնակիչ: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 11 զոհ:–0–