Սյունիքից ընտրված ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը հրաժարվել է մանդատից ու նշել պատճառը

18.12.2020, 23:34
Սյունիքից ընտրված ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը հրաժարվել է մանդատից ու նշել պատճառը
Սյունիքից ընտրված ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը հրաժարվել է մանդատից ու նշել պատճառը
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սյունիքից ընտրված ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:

Այս մասին նա գրել է Facebook–յան իր էջում։

«Հարգելի Սյունեցիներ, մանդատ ինձ տվել էիք Դուք՝ Ձեր վստահության քվեով և Ձեր իսկ պահանջով, ես այն վայր եմ դնում: Շարունակում եմ հավատալ, որ մենք ունենալու են հզոր ռազմարդյունաբերություն և այդ նպատակին հասնելն է լինելու իմ կյանքի իմաստը: Մենք հուսահատվելու իրավունք չունենք: Մենք պարտավոր ենք վերագտնելու մեր ուժն ու ոգին և ապրելու... Սյունիքը եղել է, կա և լինելու է Հայաստանի ողնաշարը: Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը», - գրել է Կարապետյանը Facebook-ի իր էջում։

Ինչ է կատարվում Սյունիքում

Նոյեմբերի 9–ին Արցախում պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել յոթ շրջաններին հարակից ավելի քան 190 բնակավայր, ինչի արդյունքում Սյունիքի մարզի սահմանները (այդ թվում` Կապան մարզկենտրոնը) հայտնվել են Ադրբեջանի նոր սահմանների հետ անմիջական հարևանությամբ։

Դեկտեմբերի 17–ին սյունեցիները փակել են Կապանի օդանավակայան տանող ճանապարհը` իրավասու մարմիններից պարզաբանումներ պահանջելով Ադրբեջանի հետ սահմանի պաշտպանության կազմակերպման հարցում։

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը նշել է, որ դեկտեմբերի 17–ի առավոտյան Պաշտպանության նախարարության կողմից հրահանգ է տրվել զինվորականներին՝ մինչև վաղը՝ 17:00-ն, ազատել Կապանի շահեկան, բարձր դիրքերը, «դրանք հանձնվում են թշնամուն», հիմա ստացվելու է այնպես, որ թշնամին մոտենալու է մեր սահմաններին, բնակելի տարածքներից ընդամենը 1 կմ հեռավորություն վրա է լինելու: Նա պարզաբանել է, որ դեպի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ տանող ճանապարհի էլի մի հատված ընկնում է թշնամու տարածքի մեջ: Բացի այդ, Փարսյանը նշել է, որ Կապանից 4 գյուղական բնակավայր տանող ճանապարհը՝ դեպի Խդրանց, Կապան, Եղվարդ և Ուժանիս գյուղեր տանող ճանապարհի մի հատվածը, ընկնում է թշնամու տարածքի մեջ:

Նույն օրը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ: Հանդիպման մասնակիցները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են իրենց մտահոգությունները մարզում սահմանային ճշգրտումների հետևանքով ստեղծված բարդ իրավիճակի վերաբերյալ: Համայնքների ղեկավարներն արձանագրել են, որ սահմանագծի փոփոխություններով պայմանավորված՝ հակառակորդի թիրախում են հայտնվելու մի շարք բնակավայրեր, այդ թվում նաև մարզկենտրոն Կապանը:

Պաշտպանության նախարարը նշել է, որ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, և որ ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու։ Ընդգծվել է, որ այդ հատվածներում հսկողություն կիրականացնեն ռուս սահմանապահները, որի վերաբերյալ համաձայնությունն արդեն իսկ ձեռք է բերվել, և դա լրացուցիչ երաշխիքներ կստեղծի անվտանգային համակարգն ուժեղացնելու համար:–0–