Սյունեցիները պահանջում են իշխանությունների օգնությունը, վտանգված է Զանգեզուրի կոմբինատի, Որոտանի ՀԷԿ–ի աշխատանքն ու բնակիչների անվտանգությունը. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սյունիքի մարզում իրավիճակը ժամ առ ժամ թեժանում է։ Տեղի բնակիչները մտահոգված ու անհանգստացած են Ադրբեջանի հետ նոր սահմանի սահմանագծման աշխատանքների պատճառով, որոնց արդյունքում Սյունիքի տասնյակ բնակավայրեր և քաղաքներ կհայտնվեն վտանգավոր հեռավորության վրա թշնամու դիրքերից։
«Կապանում և Գորիսում բնակվում են իմ բազմաթիվ բարեկամները, նրանք բոլորը հավաքել են ճամպրուկները։ Երեկ, կարծես, խոստացել էին, որ օգնության կգան ռուս զինվորականները, սակայն մինչև հիմա ոչ ոք չկա», – «Նովոստի–Արմենիա» գործակալությանն է պատմում Կապանում բնակվող Մերին։
Նա նշում է, որ ադրբեջանցի զինվորականներ չկան, ոչ ոք չի ստիպում նրանց հեռանալ, «սակայն մարդիկ չեն կարող ապրել թշնամու դիրքերից հարյուր մետր հեռավորության վրա»։
«Կապանն ու Գորիսը պաշտպանում են միայն տեղի տղամարդիկ։ Հիմա դիրքերում կանգնած են քաղաքացիական անձինք, ոչ թե զինվորականներ։ Նրանց թվում է իմ հարազատ հորեղբայրը։ Սակայն մարդիկ շատ քիչ են, ամեն դիրքում 1–3 մարդ է, իսկ թուրքը շատ մոտիկ է։ Մերոնք քիչ զենք ունեն, սննդի հարցը ևս իրենք պետք է հոգան», – ասում է Մերին։
Մերին պատմում է, որ Ադրբեջանի հետ նոր սահմանը շատ մոտիկ է անցնելու Կապանի օդանավակայանից, Որոտանի ՀԷԿ–ից, Զանգեզուրի կոմբինատից, հայկական գյուղերից, արոտավայրերից։
«Մենք անգամ չենք կարողանա այցելել գերեզմաններ, որտեղ թաղված են մեր հարազատները։ Ժողովուրդը քանդում է փոքր ՀԷԿ–երն ու իրենց տները, շինությունները, որոնք հայտնվելու են հանձնվող տարածքներում կամ դրանց մոտիկ...Եթե Զանգեզուրի կոմբինատն անցնի թուրքի վերահսկողության տակ, ապա Սյունիքում մարդիկ մատնվելու են սովի», – ասում է Մերին։
Նշենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը գտնվում է Քաջարան քաղաքի մոտ, Հայաստանի առանցքային արդյունաբերական ձեռնարկություններից է, հանրապետության խոշորագույն հարկատուն։ Որոտանի կասկադ ՀԷԿ-ը (որը բաղկացած է երեք ՀԷԿ–երից Որոտան գետի վրա) համակարգաստեղծ նշանակություն ունի Հայաստանի էներգետիկայի համար։
Ուրբաթ առավոտյան սյունեցիները փակել են Գորիս–Կապան մայրուղին` բողոքելով վերջին զարգացումներից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ դեկտեմբերի 18–ին ժամը 17։00–ին Սյունիքի արևելյան սահմանների բարձրադիր դիրքերը, որոնք ունեն ռազմավարական նշանակություն, փոխանցվելու են Ադրբեջանի վերահսկողությանը։
Ինչ է կատարվում Սյունիքում
Նոյեմբերի 9–ին Արցախում պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել յոթ շրջաններին հարակից ավելի քան 190 բնակավայր, ինչի արդյունքում Սյունիքի մարզի սահմանները (այդ թվում` Կապան մարզկենտրոնը) հայտնվել են Ադրբեջանի նոր սահմանների հետ անմիջական հարևանությամբ։
Դեկտեմբերի 17–ին սյունեցիները փակել են Կապանի օդանավակայան տանող ճանապարհը` իրավասու մարմիններից պարզաբանումներ պահանջելով Ադրբեջանի հետ սահմանի պաշտպանության կազմակերպման հարցում։
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը նշել է, որ դեկտեմբերի 17–ի առավոտյան Պաշտպանության նախարարության կողմից հրահանգ է տրվել զինվորականներին՝ մինչև վաղը՝ 17:00-ն, ազատել Կապանի շահեկան, բարձր դիրքերը, «դրանք հանձնվում են թշնամուն», հիմա ստացվելու է այնպես, որ թշնամին մոտենալու է մեր սահմաններին, բնակելի տարածքներից ընդամենը 1 կմ հեռավորություն վրա է լինելու: Նա պարզաբանել է, որ դեպի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ տանող ճանապարհի էլի մի հատված ընկնում է թշնամու տարածքի մեջ: Բացի այդ, Փարսյանը նշել է, որ Կապանից 4 գյուղական բնակավայր տանող ճանապարհը՝ դեպի Խդրանց, Կապան, Եղվարդ և Ուժանիս գյուղեր տանող ճանապարհի մի հատվածը, ընկնում է թշնամու տարածքի մեջ:
Նույն օրը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ: Հանդիպման մասնակիցները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են իրենց մտահոգությունները մարզում սահմանային ճշգրտումների հետևանքով ստեղծված բարդ իրավիճակի վերաբերյալ: Համայնքների ղեկավարներն արձանագրել են, որ սահմանագծի փոփոխություններով պայմանավորված՝ հակառակորդի թիրախում են հայտնվելու մի շարք բնակավայրեր, այդ թվում նաև մարզկենտրոն Կապանը:
Պաշտպանության նախարարը նշել է, որ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, և որ ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու։ Ընդգծվել է, որ այդ հատվածներում հսկողություն կիրականացնեն ռուս սահմանապահները, որի վերաբերյալ համաձայնությունն արդեն իսկ ձեռք է բերվել, և դա լրացուցիչ երաշխիքներ կստեղծի անվտանգային համակարգն ուժեղացնելու համար:–0–