Սուրեն Պապիկյանի մասին անձնական տեղեկություններ տարածելու մեջ մեղադրվող ԱԱԾ գնդապետն արդարացվել է

17.03.2021, 23:12
Սուրեն Պապիկյանի մասին անձնական տեղեկություններ տարածելու մեջ մեղադրվող ԱԱԾ գնդապետն արդարացվել է
Սուրեն Պապիկյանի մասին անձնական տեղեկություններ տարածելու մեջ մեղադրվող ԱԱԾ գնդապետն արդարացվել է

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ազգային անվտանգության ծառայության գնդապետ Սերոբ Հարությունյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է, և նա արդարացվել է։

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Դեռևս 13․02․2020թ․ «hraparak.am» կայքում հրապարակվել էր «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ հոդվածը, որի փաստով ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ, իսկ արդեն 28․02․2020թ․ Սերոբ Հարությունյանին պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանք էր առաջադրվել։ Քրեական գործով շուրջ մեկ տարի ծավալուն քննություն է կատարվել, իրականացվել են բոլոր հնարավոր քննչական և դատավարական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները», – գրել է Սարգսյանը։

Հոդվածում նշվում էր, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը զինծառայության ժամանակ դանակով խփել է իր հրամանատարին, այդ առիթով հարուցվել է քրեական գործ։ Հարությունյանը մեղադրվում էր, որ հավաքել և տարածել է տեղեկություններ, որոնք համարվում են Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիքը։

Սարգսյանի խոսքով, ի վերջո, հաստատվեց, որ Սերոբ Հարությունյանը ոչ միայն պաշտոնեական դիրքի չարաշահում չի կատարել, այլև՝ ընդհանրապես պետական ծառայության դեմ ուղղված որևէ հանցագործություն չի կատարել, ուստի նրա նկատմամբ այդ կապակցությամբ կայացվել են քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումներ՝ հանցակազմի բացակայության հիմքով։

«Այսինքն, Սերոբ Հարությունյանն արդարացվել է, ունի արդարացվածի կարգավիճակ, հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով պետք է վերականգնվի իր նախկին պաշտոնում և պետք է ստանա նախորդ մեկ տարվա աշխատավարձը», – գրել է Սարգսյանը։–0–