Սփյուռքի հայերը կարող են պրակտիկա անցնել Հայաստանի պետական հաստատություններում

06.03.2020, 18:07
Սփյուռքահայ երիտասարդ մասնագետները պրակտիկա կանցնեն Հայաստանի պետական հաստատություններում
Սփյուռքի հայերը կարող են պրակտիկա անցնել Հայաստանի պետական հաստատություններում
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը մեկնարկում է «իԳործ»՝ աշխարհի լավագույն համալսարանների հայ շրջանավարտների համար պետական հաստատություններում պրակտիկայի անցնելու ծրագիրը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար՝ Զարեհ Սինանյանը:

«Մենք 20 հոգու տեղ ունենք, մեր համարյա բոլոր նախարարություններն ու գերատեսչությունները (բացի Պաշտպանության նախարարությունից և ատոմային էնորգետիկայի ոլորտից) մասնակցում են, ուղարկել են ցուցակը, թե ինչ մասնագետների կարիք կա»,- ասել է Սինանյանը:

Նա նշել է, որ ծրագիրը մեկնարկում է 2020 թ.-ի հուլիսի 1-ին և կավարտվի 2021 թ.-ի հունիսի 30-ին, իսկ մասնակցել ցանկացողները կարող են իրենց հայտերն ուղարկել մինչև ապրիլի 15-ը:

Մինչև ապրիլի 30-ը կառավարությունը մրցութային կարգով ընտրված 20 մասնակիցներին կտրամադրի ինքնաթիռի տոմս դեպի Հայաստան և ամսական 336 հազ. դրամ կեցության գումար:

«Այս կերպով մենք ցանկանում ենք ոչ միայն ամրապնդել Հայաստանի և Սփյուռքի միջև կապը, այլև հույս ունենք, որ այս մարդկանց որոշ մասը կնախընտրի մնալ Հայաստանում ապագայում և ընդմիշտ դառնալ մեր կառավարության համակարգի մասնիկ»,- ասել է Սինանյանը:

Նա հայտնեց, որ իրենք հեղափոխությունից հետո մոտ 1500 հայտ են ստացել հայերից, ովքեր ցանկություն են հայտնել աշխատել կառավարական համակարգում և այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում:-0-