«Սննդամթերքի անվտանգությունը դարձրել ենք կոշիկ ստուգող մարմին»․փորձագետները փորձում են պարզել ՀՀ-ում գրանցված թունավորման բազմաթիվ դեպքերի պատճառները

02.12.2021, 19:19
«Սննդամթերքի անվտանգությունը դարձրել ենք կոշիկ ստուգող մարմին»․փորձագետները փորձում են պարզել ՀՀ-ում գրանցված թունավորման բազմաթիվ դեպքերի պատճառները
«Սննդամթերքի անվտանգությունը դարձրել ենք կոշիկ ստուգող մարմին»․փորձագետները փորձում են պարզել ՀՀ-ում գրանցված թունավորման բազմաթիվ դեպքերի պատճառները

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի սկզբից աղիքային թունավորման իրար հաջորդող չորս դեպք է արդեն գրանցվել: Այս մասին նշել է ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը Հանրային հեռուստսընկերության եթերում:

Նրա խոսքով՝ վերջին տարիների համեմատ էական փոփոխություն չի գրանցվել:

Հաղորդման ժամանակ ներկայացվել են վերջին տարիների վիճակագրական տվյալները, ըստ որոնց՝ 2018թ․-ին գրանցվել է 3 բռնկում, 2019թ․-ին՝ 5 բռնկում, իսկ 2021թ․-ի ընթացքում մինչև նոյեմբեր 17 բռնկում։

Загружается новость ... "Лево"

«Իրականում ոլորտում ոչ մի բան էլ չի փոխվել: Ընդամենը պետք է փորձենք սկզբնաղբյուրը գտնել, որպեսզի հասկանանք՝ արդյոք այդ դեպքերը միմյանց հետ են կապված, և որտեղից է գալիս խնդրի սկզբնաղբյուրը: Իսկ խնդիր յուրաքանչյուր տարի էլ ունեցել ենք»,- ասաց Դանիելյանը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ իր հերթին նշեց, որ անվտանգությունը՝ որպես համակարգ, ոչ միայն բացակայում է, այլև քայլեր չեն արվում ներդնելու համար:

«Ամբողջ աշխարհը, տարբեր գործիքակազմ կիրառելով, ուժեղացնում է սննդամթերքի վերահսկելիությունը: Մենք սննդամթերքի անվտանգությունը դարձրել ենք կոշիկ ստուգող մարմին, որովհետև գործիքակազմը թույլ է և օպտիմալ չի օգտագործվում: Այն ստուգաթերթը որով սննդի անվտանգությունը գնում է ստուգման, կարող է լիարժեք համապատասխան լինել սահմանաված նորմերին, բայց ոչ մի կերպ չերաշխավորել սննդի անվտանգությունը»,-ասաց Պպոյանը:

Նա ընգծեց, որ կան հիգիենայի կանոններ, որոնք գրված են, բայց երբ տեսուչը գնում է ստուգումներ իրականացնելու, ուշադրություն չի դարձում դրանց:

«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանի խոսքով, սննդի անվտանգության համակարգված մոտեցում չկա, այդ թվում՝ հանրային սննդի կետերում:

«Հանրային սննդի կետերը, այն կետերն են, որով անցնում են բոլոր արտադրողների ռիսկերը՝ տեղական արտադրանքը, ներմուծվող արտադրանքը, սննդի կետում պատրաստվող սնունդը: Այս երեք ռիսկերը մեկտեղվում են և մեր հանրային սննդի կետերը հայտնվում են բարձր ռիսկային գոտում»,-ասաց Բարսեղյանը:

Ռեստորանների ասոցիացիայի նախագահի խոսքով՝ հանրային սննդի ոլորտում կան ավելի քան 3000 կետեր, որոնցից առնվազն 2500-2600 վայրերում պահպանվում են հիգիենային կանոնները:

Մասնագետների պնդմամբ՝ կան առաջնային խնդիրներ առաջացնող մթերքներ, ուստի պետք է դասակարգել մթերքները՝ ըստ իրենց վնասակարության:

Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը հավելեց, որ ցանկացած արտադրության մեջ էլ կարելի է չեզոքացնել ռիսկերը, բայց հնարավոր չէ իսպառ վերացնել:

Նշենք, որ վերջին մի քանի ամսում սննդային թունավորման բազմաթիվ դեպքեր են գրանցվել Հայաստանում ինչպես հանրային սննդի կետերում, այնպես էլ կրթարաններում։-0-