Շոյգուն և Հարությունյանը քննարկել են Սյունիքում և Գեղարքունիքում ՀՀ ԶՈՒ–ի հետ համատեղ ռուս սահմանապահների տեղակայման հարցը

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 16-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։
Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղիները։
«Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ հայկական կողմը հարգանքով է վերաբերում գործընկեր պետությունների և կառույցների՝ խնդիրը խաղաղ կարգավորելու կոչերին, հավելելով, որ հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է. Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պետք է առանց որևէ նախապայմանի լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի՝ հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում ՀՀ ԶՈՒ հետ համատեղ ռուս սահմանապահների տեղակայման հարցը։
Անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքին, պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին վերաբերող մի շարք հարցերի։–0–