Սերժ Սարգսյանն այն մասին, թե ինչու Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը և հնարավո՞ր է դա այս փուլում
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչումը ՀՀ-ի կողմից կլիներ բանակցությունները տանել փակուղի, հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն «Արմնյուզ» հեռուստընկերությանը տված հարցազրույցում։
«Մենք տեսանք, թե ինչի է բերում բանակցային գործընթացը փակուղի տանելը, բերում է պատերազմի», – ասել է նա։
Խոսելով 2016թ.–ի ապրիլյան պատերազմի ժամանակ` Սարգսյանը հիշել է, որ նա այդ ժամանակ հայտարարել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, որ եթե պատերազմը երկարի, ապա Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
«Փառք Աստծուն, պատերազմը երկար չտևեց, պատերազմի արդյունքում ունեցանք Վիեննան և Սանկտ Պետերբուրգը, այդ պատճառով ես կարծում էի, որ դեռ վաղ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը», – ասել է նա։
Նա նաև ընդգծել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչու վերջին պատերազմի 44 օրվա ընթացքում «այս իշխանությունները չճանաչեցին»։
«Դա պարտավոր էին անել: Եթե համանախագահները, եթե միջազգային հանրությունը համարում էր, որ բանակցային պրոցեսում Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչումը ՀՀ-ի կողմից կլիներ բանակցությունները տանել փակուղի, և որպես արդյունք ունենալ ռազմական գործողություններ, բա եթե արդեն ռազմական գործողություններ են, ապա էլ ի՞նչն էր խանգարում ճանաչել անկախությունը», – հարցադրում է արել Սարգսյանը։
Նա նշել է, որ հայկական կողմը վաղ, թե ուշ դրան հասնելու է, «բայց մենք պետք է խելամտություն ցուցաբերել և կարողանալ ճիշտ ժամանակը գտնել, մենք պարտավոր էինք դա անել և աշխարհին ասել, որ մենք ճանաչում ենք անկախությունը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը փրկենք բնաջնջումից։ Ես կարծում եմ, որ դա ոչնչով չէր խանգարի: Չնայած, իհարկե, այսպիսի արդյունքի պարագայում չեմ բացառում, որ կապիտուլյանտի առաջ կդնեին նաև պարտականություն` անկախությունը ետ ճանաչելու»։–0–