ՌԴ–ն պատրաստ է աջակցել Հայաստանին զինված ուժերի արդիականացման հարցում.Շոյգու

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը պատրաստ է աջակցել Հայաստանին զինված ուժերի արդիականացման հարցում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում:
«Կարևոր նշանակություն ենք տալիս մեր փոխգործակցության զարգացմանը ռազմական ոլորտում ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Ընդ որում՝ պատրաստ ենք շարունակել աջակցությունը Հայաստանի զինված ուժերում բարեփոխումների ծրագրերի իրականացմանը»,- ասել է Շոյգուն:
Նա ընդգծել է, որ Հայաստանի տարածքում է գտնվում 102-րդ ռուսական ռազմաբազան, որը լավ հագեցած է և հանդիսանում է անվտանգության երաշխավոր:
«Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը և առանցքային գործընկերն է Անդրկովկասում խաղաղության ապահովման գործում, և մենք չափազանց հետաքրքրված ենք այդ տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ»,- նշել է ՌԴ պաշտպանության նախարարը:
Շոյգուն շնորհավորել է Արշակ Կարապետյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակվելու առիթով՝ ընդգծելով, որ այդ նշանակումը տեղի է ունեցել ոչ հեշտ ժամանակներում, երբ երկրի պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացման բարդ առաջադրանքներ կան:–0–