ՔՊ–ն, նրա ձևավորած կառավարությունը Հայաստանում օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու մանդատ է ստացել ժողովրդից.Փաշինյան (ՈւՂԻՂ)
15:45
18 Օգոստոսի 2021
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը:
Ծրագիրը բաղկացած է 6 բաժիններից` առաջին բաժինը ներառում է անվտանգություն և արտաքին քաղաքականություն, երկրորդը` տնտեսություն, երրորդը` ենթակառուցվածքների զարգացում, չորրորդը` մարդկային կապիտալի զարգացում, հինգերորդը` իրավունք և արդարադատություն, վեցերորդը` ինստիտուցիոնալ զարգացում:
Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ի կառավարության ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության վրա:
«2021 թվականի արտահերթ ընտրություններն ի ցույց դրեցին ժողովրդավարական գործընթացների անշրջելիությունը Հայաստանի Հանրապետությունում: Դրանք արդեն երկրորդ անընդմեջ համապետական ընտրություններն էին, որ միջազգային հանրության կողմից արժանացան բարձր գնահատականի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց նաև, որ 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունները բացառիկ նշանակություն ունեցան նաև հանրային համերաշխության վերականգնման համար:
«2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներն էականորեն փոխել են Հայաստանի արտաքին միջավայրը՝ ոչ միայն սրելով նախկինում գոյություն ունեցած մի շարք մարտահրավերներ, այլև առաջ բերելով նորերը: Հայաստանի արտաքին անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի լուծումը, Հայաստանի շուրջ տարածաշրջանային և միջազգային բարենպաստ մթնոլորտ ստեղծելը շարունակում են մնալ առաջնային»,-ընդգծեց վարչապետը:
Նրա խոսքով՝ այս խնդրի լուծման համար Կառավարությունը մտադիր է լրջագույն միջոցներ ձեռնարկել հանրային և ազգային լավագույն ներուժը համախմբելու ուղղությամբ:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, նրա ձևավորած կառավարությունը Հայաստանում օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու մանդատ է ստացել ժողովրդից և անշեղորեն կյանքի է կոչելու այդ մանդատը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց նաև, որ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է:
«Կառավարությունը գիտակցում է, որ այս խնդրի լուծումը միայն Հայաստանի Հանրապետությունից չի կախված, այլև տարածաշրջանի մյուս երկրների կեցվածքից և ցանկությունից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր բաժին անելիքն ու պատասխանատվությունը», – ասաց նա:-0-
Մոտ 200 խոստումնալից երիտասարդ 3 հագեցած օր անցկացրեց Դիլիջանում, շփվեց ֆինանսաբանկային համակարգի պրոֆեսիոնալների հետ և աշխատեց Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից առաջադրված՝ ընկերության զարգացման ռազմավարական քեյսի լուծման վրա․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ