Պուտինի հրամանով հայտնի սրտաբան–վիրաբույժ Բագրատ Ալեքյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով

24.08.2021, 12:32
Պուտինը հայտնի սրտաբան–վիրաբույժ Բագրատ Ալեքյանին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով
Պուտինի հրամանով հայտնի սրտաբան–վիրաբույժ Բագրատ Ալեքյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ սույն թվականի օգոստոսի 16-ի հրամանով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, նշանավոր սրտաբան-վիրաբույժ Բագրատ Ալեքյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում ունեցած ներդրման համար, հայտնում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունը:  

 Բագրատ Ալեքյանը  համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետ է: Նա Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր մասնագետն  է Էնդովասկուլյար ախտորոշման և բուժման գծով: Նա Ռուսատանի առողջապահական համակարգում բազմաթիվ պատասխանատու պաշտոններ է զբաղեցնում: 1975 թվականից աշխատում է Մոսկվայի սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում։ 1992 թվականից զբաղեցրել է ռենտգենավիրաբուժական եղանակներով սրտի և արյան անոթների հետազոտման և բուժման բաժանմունքի վարիչի պաշտոնը, 1999 թվականից՝ ՌԴ սրտանոթային վիրաբույժների ընկերակցության ներանոթային վիրաբույժների բաժանմունքի նախագահի պաշտոնը:

Բագրատ Ալեքյանը ՌԴ առողջապահության նախարարության և Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի  նախագահության ներանոթային վիրաբուժության հիմնախնդրային հանձնաժողովի նախագահն է, 2002 թվականից՝ Ճառագայթաբանների և ներանոթային վիրաբույժների գիտական ընկերության նախագահը, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Ա. Ն. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի Վ. Ի. Բուրակովսկու անվան կարդիովիրաբուժության ինստիտուտի սրտի և անոթների հիվանդությունների հետազոտման և բուժման ռենտգենավիրաբուժական մեթոդների բաժանմունքի ղեկավարը։

Բագրատ Ալեքյանն ավելի քան 700 գիտական աշխատության՝ այդ թվում 11 մենագրության և գրքի հեղինակ է: Նրա աշխատությունները վերաբերում են սրտի և արյան անոթների ներանոթային ախտորոշման և բուժման հարցերին։ Իր գիտական մշակումների և դրանք կիրառության մեջ դնելու համար Բագրատ Ալեքյանը  2015թվականին արժանացել է ՌԴ կառավարության գիտության և տեխնիկայի բնագավառի մրցանակի: Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայությունն անվանակոչվել է Բագրատ Ալեքյանի անունով։–0–