Փաշինյանը մեկնաբանել է Սերժ Սարգսյանի` հայտարարությամբ հանդես գալու մտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի կազմակերպված ասուլիսի ժամանակ մեկնաբանել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` հայտարարությամբ հանդես գալու մտադրությունը։
«Այն, որ Սարգսյանն ասուլիս է պատրաստում, լավ է, քանի որ հուսով եմ` Սերժ Սարգսյանը կպատասխանի՝ ինչպես եղավ, որ բանակի զինվորը մայկա-տրուսիկ չուներ, իսկ Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամները միլիոնատերեր էին։ Նա պետք է պատասխանի մեծ թվով հարցերի, որոնցից ոմանց չի կարող պատասխանել։ Երբ նա պատասխանի, այդ ժամանակ էլ ես կարտահայտեմ կարծիքս», – ասաց Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ բազմաթիվ հարցերի պետք է պատասխանի նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու այլ միլիոնատեր պաշտոնյաներ։
«Միայն թող չասեն, որ բիզնեսով են զբաղվել», – ասաց վարչապետը։
Հաջորդ հայտարարությունը Փաշինյանն արդեն արեց ոչ թե որպես վարչապետ, այլ որպես քաղաքացի։
«Եթե պարզվի, որ իմ վարչապետության ընթացքում ընտանիքիցս որևէ մեկը դարձել է միլիոնատեր, ապա հաջորդ օրը ես պետք է հայտնվեմ բանտում», – ասաց նա։
ՀՀ վարչապետը նաև նշեց, որ կան բաներ, որոնք նա չի կարող ներել։
«Ես չեմ կարող համամիտ լինել այն պաշտոնյաների հետ, որոնք դարձել են միլիոնատերեր։ Քանի դեռ նրանք չեն վերադարձրել գողացվածը, նրանք չեն կարող լինել հասարակության մասը», – հայտարարեց նա` նշելով, որ անցումային արդարադատության շնորհիվ հնարավոր կլինի լուծել այս խնդիրը։–0–